Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձեւաչափով նիստին, որը տեղի կունենա վաղը Մոսկվայում. հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ արձանագրել հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ արտգործնախարարն այդ մասին խոսել է վերջին խորհրդարանական լսումների ընթացքում։ Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձեւաչափում, հետեւաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», – ընդգծել է գերատեսչությունը։
Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան եւ Աբխազիան զավթած Կրեմլի հետ:
«3+3» ձեւաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ այդ հարթակի անդամ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը Մոսկվայում։
Թուրքական եւ ադրբեջանական կողմերը ներկայացնելու են փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը եւ Խալաֆ Խալաֆովը։
Հայաստանը եւս, ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարեց վարչապետը, հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, սակայն թե որ փոխնախարարը, Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել։
«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասել, որ «3+3» ձեւաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձեւաչափերում։ Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ եւ ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակերտը: Եվ առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի ֆորմատի նման հանդիպում է տեղի ունենալու» , – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում փորձագիտական շրջանակներում տարածված տեսակետի ֆոնին, թե Պուտինի ու Էրդողանի կողմից ստեղծվող նոր ձեւաչափը նպատակ ունի ամրագրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքները, ինչպես նաեւ դուրս մղել Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը Հարավային Կովկասից. պաշտոնական Երեւանը ի սկզբանե չէր շտապում դիրքորոշում հայտնել «3+3»-ի վերաբերյալ, սակայն աստիճանաբար հրապարակվեց նաեւ Հայաստանի դիրքորոշումը։
Վրաց փորձագետ Գելա Վասաձեի համոզմամբ՝ Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկկողմ բանակցությունների շրջանակներում, որովհետեւ, Վասաձեի համոզմամբ, միջնորդները խանգարում են: «Միջնորդներն օբյեկտիվորեն ունեն իրենց շահերը: Մենք կարող ենք տրամադրել տարածք, հարմարավետ միջավայր, թեյ ու սուրճ հյուրասիրել ու մեր հետեւից հանգիստ դուռը փակել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Ն.Հ.
ԹԱՆԿԱՑՈՒՄ՝ ԳԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հեղուկ գազի շուկայում դարձյալ թանկացում է արձանագրվել: Այս մասին Armlur.am-ին փոխանցեցին մի շարք վարորդներ: Նրանց պատմելով՝ շաբաթներ առաջ հեղուկ գազի մեկ լիտրը 230-240 դրամ էր, իսկ այժմ այն հասնում է մինչեւ 280 դրամի: Վարորդների խոսքերով՝ հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 260 դրամով, իսկ որոշներում էլ այն 280 դրամ է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ռուսական արտադրության գազն արժե 280 դրամ, իսկ իրանականը՝ 260 դրամ: Սակայն ե՛ւ վարորդները, ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել:
Բայց պարզվում է՝ հեղուկ գազի գինը մոտ ժամանակներում չի նվազելու: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին գազալցակայաններից եւ հավելեցին, որ այս բարձր գինը դեռ կպահպանվի մինչեւ տարեվերջ: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Վերին Լարս անցակետում ձյան տեղումների պատճառով տնտեսվարողները չէին կարողանում հեղուկ գազ ներկրել Հայաստան, իսկ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, Իրանից, այլեւ Ռուսաստանից:
ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՆԵՆ
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը: Նա նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների պարտք: «Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երեւան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանում, ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-պատմել է Մուրադովը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՆԱԽԱԳԾԻՆ
Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել օրինագիծ, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են նախատեսվում, ընդդիմությունը դեմ է արտահայտվում նախագծին, մատնանշում հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ: ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
ԿԵՂԾՍԵՐՏԻՖԻԿԱՏ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ
Իրավապահների կողմից շարունակվում են բացահայտումները ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ ձեռք բերելու մասով: Տաթեւիկ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11֊ի Ns 1514-Ն որոշման մեջ կատարված եւ 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխություններով նախատեսված ՀՀ մուտք գործելու կարգը շրջանցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 15-ին, ժամանելով Երեւան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ժամանման սրահում օգտագործել է քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում եւ անձի կողմից նշված որոշմամբ սահմանված, իրավաբանական նշանակություն հավաստող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ) բացասական արդյունքը հավաստող ակնհայտ կեղծ սետիֆիկատ, սակայն դրա կեղծ լինելու հանգամանքը պարզվել է ՀՀ աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնի աշխատակից Աշոտ Ասատրյանի կողմից ստուգման ենթարկելու արդյունքում:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձերբակալվել է դեկտեմկբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններում «Միասնական Վարդենիս» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը: Նշենք, որ Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության եւ համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձեւավորելու մասին հայտարարություն են ստորագրել: