Ի՞ՆՉ Է ՊԱՐԶԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք. այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

 

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Գասպարյանի կինը, 2010-2011թթ. պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել եւ իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ. Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ. Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի, տարբեր տեւողություններով բացակայել է ՀՀ-ից եւ չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում եւս Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաեւ, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբեւէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որեւէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, եւ արդյունքում դստերը հաշվարկվել եւ վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ՝ ի պաշտոնե հանդիսանալով նաեւ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել եւ օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը եւ կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն, մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես, Վ. Գասպարյանը եւ նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց եւ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ եւ շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաեւ բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու եւ դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդկերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը մտադիր է հիմնադրել ադամանդագործության ոլորտի պետական «Հայ-Ալմաստ» ընկերություն: Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումը կավելանան՝ հասնելով տարեկան միջին հաշվով 150 մլն դոլլարի։ Այս մասին որոշումը ՀՀ կառավարության երեկվա նիստում չի քննարկվել եւ չի զեկուցվել:

 

Պարզվում է՝ Հայաստանում ադամանդագործության զարգացումը մշտապես պայմանավորվել է ալմաստի հումքի աշխարհում թիվ մեկ արդյունահանող ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Բայց վերջին 10 տարում ՌԴ «Ալռոսա» ընկերության կողմից ալմաստի հումքի իրացման քաղաքականությունում կատարված էական փոփոխությունների հետեւանքով արդյունավետ հումքը վաճառվում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, հայկական ընկերություններն ըստ էության զրկված են «Ալռոսա» ընկերությունից արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից, քանի որ չեն համապատասխանում «Ալռոսա»-ի կողմից սահմանված չափանիշներին։

Խնդիրն այն է, որ «Ալռոսա»-ի հետ երկարատեւ համագործակցության պայմանագիր կնքելու համար ադամանդ մշակող ընկերությունը պետք է ստանձնի յուրաքանչյուր ամիս որոշակի քանակով հումք ձեռք բերելու պարտավորություն, իսկ տեղական ձեռնարկություններն առանձին-առանձին ի վիճակի չեն յուրաքանչյուր ամիս սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ալռոսա» ընկերության հետ նախնական բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց համար առավել ընդունելի է եղել պետական մասնակցությամբ ընկերության հետ համագործակցությունը։ Այսինքն՝ նորաստեղծ ընկերությունը հնարավորություն կունենա գնել եւ այն վաճառել տեղական արտադրողներին. ընկերությունն իրականացնելու է ֆինանսական միջնորդության գործառույթ, ինչն էլ կամրագրվի կանոնադրությամբ։

Մասնավորապես, նոր ստեղծվող ընկերությունը պայմանագրեր կկնքի ՀՀ տարածքում գործող ադամանադագործական ընկերությունների հետ եւ կկազմակերպի հումքի զննում «Ալռոսա» ընկերությունում։ Ի դեպ, ադամանդագործական ընկերություններին մատուցած միջնորդական ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճարի չափ:

Ս.Հ.

 

 

 

ՓՈԽՎԵԼ Է

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը  դեկտեմբերի 6-ին որոշում է  ընդունել 2021թ. դեկտեմբերից 7-ից Մխիթար Հովհաննիսյանին վերանշանակել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի, Գեւորգ Ամիրխանյանին՝ Գոշ բնակավայրի, Գագիկ Շահնազարյանին՝ Խաչարձանի, Վարդան Գրիգորյանին՝ Աղավնավանքի, Հովհաննես Նաղդալյանին՝ Հովքի, Վախթանգ Թամրազյանին՝ Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար։ Նույն օրը ընդունած մեկ այլ որոշումով՝ Դավիթ Սարգսյանը  դեկտեմբերի 7-ից Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում վերանշանակել է Աշոտ Թամրազյանին եւ Նոնա Գրիգորյանին, Յուրի Ալիխանյանին վերանշանակել է Դիլիջան համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնում։ Հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններից հետո Դիլիջանի համայնքապետրանում միայն մեկ կադրային փոփոխություն է կատարվել. նոյեմբերի 24-ին Նելլի Ամիրյանն ազատվել է  Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի  պաշտոնից։ Դ. Սարգսյանի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ դեկտեմբերի 9-ից Արփի Թամրազյանը նշանակվել է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար 3-ամսյա փորձաշրջանով։

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից հայտնեցին, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ աշխղեկ Դանիել Աբովյանը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարում ճանապահաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են հարցրել։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ ինքը լսել է նոր ճանապարհի կառուցման մասին, սակայն որոշակի ոչինչ չգիտի։ Հավելենք, որ դեկտեմբերի 8-ին  Հայաստան է ժամանել ՌԴ դեմարկացիոն հանձնաժողովը, որը գեներալ Մուրադովի գլխավորությամբ սահմանագոտում սահմանազատում եւ սահմանագծում է իրականացնելու:

 

 

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Այսուհետ Այրումի համայնքապետարանի աշխատակազմն իր գործունեությունը կիրականացնի համայնքի հաշվեկշռում գտնվող կիսակառույց շենքի առաջին հարկում կառուցված համայնքային կենտրոնում: Այդ կենտրոնը կառուցվել է համայնքի եւ կառավարության հավասար համաֆինսավորմամբ՝ պետական սուբվենցիոն ծրագրով, իսկ քաղաքացիների սպասարկման գրասենյակի գույքը, նոր համակարգիչներն ու տեխնիկան տրամադրել է GIZ կազմակերպությունը: Ներկայումս Այրում համայնքի միջոցներով շարունակվում են համայնքային կենտրոնի եւ Այրում քաղաքի երաժշտական դպրոցի բակի բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքները: Համայնքի միջոցներով ամբողջությամբ  հիմնանորոգվել են  շենքի  տանիքը եւ  3 շքամուտքերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս