«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից որոշումների տեսքով ստացված արդյունքները հաղթանակ են ու հաջողություն Հայաստանի Հանրապետության համար»,- երեկ սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՄԻԵԴ-ում եւ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ որոշումները:
«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այդ մասին խոսում է, թե՛ դատարանի հրապարակած որոշումը, թե՛ մեր հարեւանների արձագանքն այս որոշումներին: Տեսնում ենք, որ իրենց կողմից կա ցավագին արձագանք այս որոշումների առնչությամբ: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը տեղ է հասել: Հուսով ենք, որ հետագայում համաձայնեցված աշխատանքի արդյունքում այս ամբողջն ավելի շատ կյանքի կկոչվի: Միգուցե, սա նաեւ լավ հնարավորություն է մեր հանրության շրջանում միջազգային պրոցեսների նկատմամբ հավատի ամրապնդման, թերահավատ մոտեցումները բացառելու առումով»-ասաց Եղիշե Կիրակոսյանը:
2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, եւ, ըստ այդմ, Ադրբեջանին պարտավորեցրել է՝
l բռնությունից եւ մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք, 2020թ. հակամարտությամբ պայմանավորված, հայտնվել եւ պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը,
l ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ եւ էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության եւ ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց եւ պետական հաստատությունների կողմից,
l ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների եւ այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի եւ պղծման գործողությունները:
Դատարանը նաեւ հիշեցրել է Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները եւ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորների սաղավարտները ընդմիշտ հեռացվել են ռազմավարի պուրակից եւ հետագայում չեն ցուցադրվելու:
Նա նաեւ անդրադարձավ գերիների վերադարձի գործընթացին: «Իրավական գործընթացներն ընթանում են. եթե կան հիմքեր, որոնցով քրեական հետապնդում պետք է իրականացվի, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք կատարել, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան խոչընդոտում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններին՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակում, ամեն դեպքում, իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, այս պահին էլ շարունակվում են: Գիտեք, որ զուգահեռաբար մենք շարունակում ենք Եվրոպական դատարանի կոնտեքստում աշխատել: Վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ: Երկու օր առաջ ներկայացրել ենք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կրկին կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ պահվող գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացնելու առումով»,- ավելացրեց Եղիշե Կիրակոսյանը:
Ն.Հ.
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԹՈՂԵԼ Է ՊԱՇՏՈՆԸ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որոշում է ընդունել Մուշեղ Սիրադեղյանին «ՀՀ Տավուշի մարզի Շահնազար Շահնազարյանի անվան Կոթիի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրական կազմակերպության տնօրենի պաշտոնից ազատելու եւ նրա հետ 2017թ. մարտի 9-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով աշխատանքից ազատելը նշանակում է, որ այդ ազատումը տեղի է ունցել աշխատողի նախաձեռնությամբ։ 1969թ. ծնված Մուշեղ Սիրադեղյանը Վանո Սիրադեղյանի ավագ եղբոր՝ Սերյոժա Սիրադեղյանի որդին է։ Մ. Սիրադեղյանը սահմանամերձ Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրենն էր վերջին 26 տարիներին։ Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու էր 2022թ. մարտի 9-ին, սակայն նա որոշել էր պայմանագրի ժամկետի ավարտից 3 ամիս առաջ ազատվել պաշտոնից։ Մ. Սիրադեղյանը որպես «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու թեկնածու մասնակցում էր 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններին՝ այդ կուսակցության ավագանու թեկնածուների 32-հոգանոց ցուցակում զբաղեցնելով 10-րդ տեղը: Ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու 21 տեղերից ստացել է 6-ը։ Մուշեղ Սիրադեղյանի հետ հեռախոսազրույցում հարցրի, թե դպրոցի տնօրենի պաշտոնն ինքնակամ թողնելը կապ ունի արդյոք Նոյեմբերյանի ավագանու համամասնական ընտրությունների արդյունքների կամ վերջերս իր հորեղբոր՝ Վանո Սիրադեղյանի մահվան հետ։ Նա հայտնեց, որ իր պաշտոնից ազատվելը կապ չունի վերահիշյալի հետ, ինքն այժմ գտնվում է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, ուր աշխատում է։ Կան դեպքեր, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տղամարդ ուսուցիչներ 2020թ. Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից եւ մեկնել Ռուսաստան։ Ավելի քան 3 տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 27-ին, սեփական դիմումի համաձայն, Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանն ազատվեց պաշտոնից, թեեւ 2017թ. օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր ուներ կնքած։ Ա. Հայրապետյանը այն ժամանակ հայտնեց, որ պաշտոնից ազատվել է, քանի որ հիմնական բնակության է մեկնում Ռուսաստան, մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք ոչ բանվորական աշխատանքի, Մոսկվայում իր աներձագը սեփական գործարանի ունի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲՈՅԿՈՏ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ դեկտեմբերի 13-ի առավոտից չեն աշխատում վարորդների բոյկոտի պատճառով. վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես՝ աշխատավարձի բարձրացում: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ որոշ վարորդներ պահանջում են նաեւ վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սեւ եկամուտ»»,- նշել է Կարապետյանը: Քաղաքապետարանից վստահեցրել են, որ քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում եւ շարունակելու է հետեւողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու եւ օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ «Միեւնույն ժամանակ մենք շարունակաբար բարելավում ենք եւ բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։ Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է եւ չի կարող արդյունք տալ։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու եւ տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- նշել են քաղաքապետարանից՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔԵՐ
Հայաստանում դեկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 604 դեպք, որից 325 հազար 832-ը` առողջացած, 7819-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7476 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Վերջին մեկ օրում կատարվել է 3619 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 66 նոր դեպք, առողջացել է 438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 17 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 451 հազար 381-ի: