ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021թ. առաջին 9 ամիսներին արձանագրվել է պաշտոնական դրամաշնորհների բավական ցածր` 29.3% կատարողական։

Սա պայմանավորված է արտաքին դոնորների կողմից տրամադրվող նպատակային դրամաշնորհների 64.0% թերակատարմամբ (խոսքը շուրջ 10 մլրդ դրամի մասին է): Ընդ որում, նպատակային ծրագրերից 5-ի շրջանակներում նախատեսված 1.8 մլրդ դրամի դրամաշնորհները չեն ստացվել ամբողջությամբ, իսկ 13 ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները ստացվել են մասնակիորեն՝ 36.4%-ով, որոնք կազմել են ավելի քան 4.7 մլրդ դրամ:

Նկատենք, որ ՀՀ կառավարությունը չի ստացել Եվրամիության կողմից բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված 3.8 մլրդ դրամի չափով ոչ նպատակային դրամաշնորհային միջոցները, որոնք պետք է ուղղվեին Հայաստանում Covid-19-ի կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Ցավոք, պաշտոնական դրամաշնորհների զգալիորեն թերակատարման երեւույթը 3 տարուց ավել կրկնվում է եւ հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհների ստացման համար անհրաժեշտ նախապայմաններն ամբողջական եւ ժամանակին չկատարելու գործոնով:

 

 

Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեեւ այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռեւս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի: Փաշինյանի՝ իշխանության համար Ընտրական օրենսգրքի փոխոխության հանձնառությունը, փաստորեն, իրական փորձություն դարձավ: «Քաղաքացիական պայմանագրի»՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները որոշ համայնքներում համայնքապետ ընտրվելու ճանապարհին դժվարությունների են հանդիպում, քանի որ, ըստ նոր ԸՕ փոփոխության, համայնքապետը միանձնյա կարող է ընտրվել, եթե հաղթահարում է «50+»-ի շեմը: Թալինում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, օրինակ, որտեղ ՔՊ-ն առավելագույն (40-ից ավելի տոկոս) թվով ձայներ է հավաքել, անակնկալ իրավիճակում է հայտնվել, քանի որ մանդատ ստացած մյուս ուժերը հայտարարել են միավորվելու ու իշխանություն վերցնելու մասին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության անդամները չեն էլ թաքցնում՝ անելու են հնարավորը, որ ընդիմադիր դաշինքները տեղի տան, ու ՔՊ-ի թեկնածուները ստանձնեն համայնքների ղեկավարումը: Ցանկալի արդյունքին իշխանականները հասել են Թալինում. այստեղ կուսակցություններից մեկը հայտարարել է մանդատներից հրաժարվելու մասին, քանի որ ճնշումների ենթարկվեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում նույնպես ՔՊ-ն բանակցություններ է վարում՝ հասկանալու համար՝ ավագանու որ անդամներին կարող է համոզել իրենց միանալ: Վարդենիսում էլ «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ուժային կառույցները լծվել են ավագանու մյուս անդամների ու ընդհուպ նրանց կանանց հարցաքննության կանչելու գործին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում եւ, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն եւ այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել:  «Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր,որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից եւ նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ:

 

 

 

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23 հազար 834 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 22 հազար 8 դեպք, այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1826 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 11 հազար 434 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 711: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 282՝ անցած տարվա 261-ի դիմաց: Ի դեպ, «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ, հանցագործությունների տեսակներով պայմանավորված, աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 162 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 176-ի: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 4027 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5029 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:

 




Լրահոս