«ԽՆԴՐՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ ԵՆՔ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էր հայտարարել: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել էր նա: Հայկական կողմից արտաքին գործերի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն է արձագանքել՝ նշելով, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց սկսել: «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը եւ հաստատում, որ հայկական կողմը եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

 

-Պարո՛ն Իսպիրյան, մի փոքր կբացատրե՞ք՝ ինչ է կատարվում: Թուրքիան ասում է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ: Ի՞նչ կասեք:

-Եթե փորձենք նախկինում մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել, հետո սա լսենք, բնականաբար, սա դրական ինչ-որ իրադարձություն է հարաբերություններ կարգավորման մեջ: Սակայն երբ նայում ենք, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ սա, պատկերն ամբողջովին փոխվում է: Առաջինը՝ մենք տեսնում ենք թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ փորձը եւ հիմա, ապա տեսնում ենք, որ նախորդի ժամանակ Հայաստանը գտնվում էր բավականին բարձր դիրքերում, բավականին հաջող ազդեցության վիճակում էր, իսկ ներկա պահին՝ բավականին թույլ, ճնշված եւ հասարակության մեջ նաեւ հոգեբանորեն թույլ վիճակում: Այսինքն՝ այս վիճակում մենք գնում ենք Թուրքիայի հետ ոչ թե հարաբերությունների  կարգավորման, այլ այս վիճակում խնդրում ենք հարաբերությունների կարգավորում, ինչն արդեն խնդրահարույց է: Նախկինում մենք ուժեղ դիրքերից էինք հանդես գալիս: Թուրքիան փորձում էր, ամեն դեպքում, ստեղծել հարաբերությունների պատրանք, իմիտացիա, քանի որ ամբողջ աշխարհում կար լուրջ ճնշում Հայոց ցեղասպանության  ճանաչման հետ կապված: Իսկ այս անգամ Թուրքիան չունի որեւէ խնդիր, սակայն ունի տարածաշրջանում ազատության մեծացման խնդիր, Հայաստանից առավելագույնը պոկելու, ստանալու բավականին մեծ հնարավորություն:

-Եթե այս պահին մենք խնդրողի դիրքերից ենք հանդես գալիս, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք զիջողի դիրքերից ենք հանդես գալիս:

-Հետեւելով Թուրքիայի կողմից արված հայտարարություննրին ու Հայաստանի իշխանության  կողմից արձագանքներին՝ ասեմ, որ, ցավոք սրտի, մենք խնդրողի դերում ենք հանդես գալիս:  Ստացվում է այնպես, որ Թուրքայի առաջ քաշած նախապայմանները մեր մոտից չի հերքվում: Ճիշտ է՝ ԱԳՆ-ն ասում է, որ առանց նախապայմանների պետք է արվի, սակայն Թուրքիան մշտապես ունեցել է նախապայմաններ, թեեւ հիմա իր նախկին նախապայմանը չեզոքացրել է՝ ի վնաս մեզ: Նախկինում Թուրքիան ուղիղ ձեւով  Հայաստանի հետ էր փորձում անել ու անում էր: Այս անգամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման  շրջանակները համաձայնեցվում են Ադրբեջանի հետ: Այսինքն՝ Հայաստանը Թուրքիայի հետ չի հարաբերությունները կարգավորում, այլ թե Ադրբեջանն ինչքան թույլ կտա, այսինքն՝ մենք փաստացի ծուղակի մեջ ենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈԽՏԵՂՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ

Իշխանության ներսում փոխտեղումները շարունակվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին մի պաշտոնից մյուսն է տեղափոխում՝ փորձելով առավել թիրախային ու ոլորտին համապատասխան նշանակումներ անել: Պետական վերահսկողական ծառայության պետ,  շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին նշանակելը Փաշինյանը թիմակիցներին բացատրել է հանգամանքով, թե Պետրոսյանը ՊՎԾ-ում հեղափոխական քայլեր է իրականացնելու:

 

ArmLur.am-ի տեղեկութուններով՝ վարչապետին չի գոհացրել Ուլիխանյանի աշխատելաոճը, առավել կոշտ գործուղությունների ակնկալիք է ունեցել նրանից: Վերահսկողական ծառայությունը, նշենք, պետական տարբեր գերատեսչություններում ստուգումներ ու չարաշահումներ անելու լիազորությունն ունի, ու Նիկոլ Փաշինյանն ակնկալել է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո այս կառույցը կոնկրետ ու թիրախային աշխատանք է տանելու, չարաշահումներ բացահայտելու եւ այլն: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնին նշանակելիս նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ասում էին, թե Պետրոսյանը նախարարությունում էական, հեղափոխական փոփոխություններ է իրականացնելու, բայց մի քանի ամսվա ընթացքում տեսանք՝ հեղափոխական որեւէ փոփոխություն այդպես էլ չարձանագրվեց նախարարությունում:

ՊՎԾ-ի պետ Տիգրան Ուլիխանյանը, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի:  Ուլիխանյանը, նշենք, ծնունդով վանաձորից է, ու  նրա՝ մարզպետ նշանակելու հարցը, ըստ երեւույթին, կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված կլինի:

Լոռու մարզպետ, Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն էլ ԱԻՆ-ին կտեղափոխվի՝ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը, որ Կարեն Սարուխանյանի հրաժարականից հետո թափուր է մնացել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Սարուխանյանին էլ առանց աշխատանքի չի թողնի, նա էլ առաջիկայում իր հարազատ մարզում պաշտոն կստանա՝ ստանձնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը: Սարուխանյանն ու Խաչատրյանը, նշենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ էին, մտերիմ ընկերներ. խորհրդարանի միջանցքներում նրանց անընդհատ միասին կարելի էր տեսնել:

Ն. Հ.

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg պարբերականը ուշագրավ մանրամասներ է փոխանցում այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին: Պարբերականը, հիմնվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության վրա, գրում է, թե հոկտեմբերի վերջին՝ Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը: Bloomberg-ը գրում է. «Անկարան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք լարված շրջան են ապրում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով»: Նշենք, որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաեւ օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995 թվականին։ Չնայած 1991-ի դեպտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձեւավորվել: Այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակել:

 

 

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԱԿՐՈՆԸ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, փախստականների վերադարձին, առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների կյանքի կոչումը»,- ասվում է հայտարարության մեջ: Կրեմլից հայտնել են, որ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը օգտակար կլինի: «Աջակցություն է հայտնվել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 




Լրահոս