Ով է ԵՊՀ ռեկտորի թեկնածուի հովանավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական համալսարանն այսօր ռեկտոր է ընտրում: Թեկնածուն ռեկտորի պաշտոնակատար, կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանն է: Նա, հիշեցնենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր, խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանին ռեկտոր ընտրելու հարցում բավական ակտիվ դերակատարում ունի, նրան սատարում է պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:
Գործող իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր եղած ժամանակ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պետք է վերջ տալ բուհերի քաղաքականացմանն, ամեն բան անել, որ օրվա իշխանությունը կրթական օջախները կուսակցապետության չվերածի:
Ի՞նչ ենք տեսնում այժմ. ՔՊ-ի դե յուրե նախագահն ու Փաշինյանի ամենամտերիմ անձը՝ Պապիկյանն է որոշում, թե ով պետք ստանձնի ԵՊՀ-ի կառավարումը:

Հիշեցնենք՝ 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած, ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի ուսանողները, հանուն ուսման վարձի փոխհատուցման, չպետք է վիզ ծռեն ՀՀԿ երիտասարդական կառույցների առջև, խնդրեն վարձը փոխանցել ու դրա դիմաց Հանրապետականի շարքերը համալրեն: Բոլոր բուհերը, բարձրագոչում էր Փաշինյանը, պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան: Ապաքաղաքական բուհերի մասին նաև Փաշինյանի խորհրդական, նախկինում կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն էր խոսում: 2019-ի փետրվարին արդեն խոսում էր, թե բուհերի 99 տոկոսը ապաքաղաքականացվել է: Թե ինչ հիմքով էր Հարությունյանը նման խրոխտ հայտարարություն անում, հայտնի չէ:

Այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, սակայն, բավական հուզիչ էր: Բուհերը ոչ միայն ինքնավարություն չստացան, այլև «Բարձրագույն կրթության մասին» օրենք մշակողներն ու ոլորտի պատասխանատու նախարարը սկսեցին հայտարարել, որ բուհերն իրականում պետությունից անկախ գործել չեն կարող, քանի որ պետբյուջեից են սնվում: Փաստորեն, իշխանության խոստումները, թե անելու են հնարավորը, որ բուհերն ապաքաղաքականացվեն ու ինքնավարություն ստանան, սին ու պաթետիկ էին: 2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար։




Լրահոս