Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը վայր է դնում ավագանու մանդատը:
«Սիրելի երևանցիներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- գրել է նա:
Երիցյանը նաեւ հավելել է, որ անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել է մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իր ներդրումն ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում:
«Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար»,- եզրափակել է նա: