ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն 2 տարի է, ինչ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում (հատող Սունդուկյան փողոց) մեծ փոս է առաջացել: Մեքենաները չեն կարողանում անցնել, վախենում ենք, որ երեխաները կընկնեն այդ փոսի մեջ ու կվնասվեն: Թաղամասի բնակիչներով բազմիցս դիմել ենք մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել, որ բարեկարգեն, բայց այդ կառույցները պատասխանել են, թե ջրագծերը փոխելու ժամանակ դա քանդել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, հենց նա էլ պիտի բարեկարգի: Պատասխաններում նշվել է, որ քաղաքապետարանը նույնիսկ դատի է տվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Կխնդրեինք մի փոքր մանրամասնել, թե ինչ է արվում այս ուղղությամբ, եւ երբ պիտի վերանորոգվի: Ստեփանավան քաղաքի մի խումբ բնակիչներՊԱՏԱՍԽԱՆ. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կարող է նյութական արժեք ձեւակերպել եւ ծախս կատարել միայն իր հաշվեկշռում գտնվող նյութական արժեքների վրա: Եթե այդ անձրեւաթափը մերը չէ, մենք չենք կարող դրա վրա խողովակ ձեռք բերել եւ հաշվապահորեն ձեւակերպել: Բայց հասկանալով, որ մարդիկ են տուժում, եւ մենք ենք սպասարկում այդ ժողովրդին, պատրաստ ենք աշխատելու եւ անելու` անկախ նրանից` քաղաքապետարանը մեզ դատի է տվել, թե ոչ: Ինչ վերաբերում է ժողովրդին եւ մեր ծառայություններին, ապա մենք մեր տեխնիկայով եւ մեր աշխատուժով, մեր մասնագիտական մոտեցումներով կարող ենք օգտակար լինել այդ աշխատանքները կատարելուն, բայց նյութական արժեքի ծախս զուտ ֆինանսական տեսանկյունից չենք կարող անել, որովհետեւ այդ անձրեւաթափ խողովակները մեր հաշվեկշռում չեն: Եթե համայնքը գտնի եւ ապացուցի, որ դա մեր  գործն է եւ մեր խողովակն է, ապա ես մեկ օրում վերանորոգել կտամ  այդ փոսը: Աշխատանքների համար գումար չենք պահանջում, միայն թող համայնքը խողովակը, նյութերը տրամադրի, մենք էլ մասնագիտորեն ու որակով անշահախնդիր կվերանորոգենք: Մեր հաջողությունների գրավականն իրար հետ համագործակցելու մեջ է, այլ ոչ թե ինչ-որ դատական պրոցեսներ սկսելու: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարեւմտյան տարածքային մասնաճյուղի ղեկավար Դավիթ Գրիգորյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնդիրն այն է, որ նյութական արժեք կոչվածն այնպես է քայքայվել, որ այլեւս գրոշի արժեք չունի: Իսկ վեճը` քայքայված խողովակաշարի տերն ու պատասխանատուն քաղաքապետարա՞նն է, թե՞ «Հայջրմուղկոյուղի»-ն, շարունակվելու է, մինչեւ խողովակներից այլեւս ոչինչ չմնա:




Լրահոս