Սահմանադրական փոփոխություններով նոր խորհուրդ կզբաղվի, իսկ նախորդի գործունեությունը կասեցվել է: Նախորդը ստեղծվել էր դեռ 2020 թվականի փետրվարի 20-ին:
Այսպիսով, սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի կազմը նախագահելու է արդարադատության նախարարը, իսկ կազմում լինելու են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, օմբուդսմենը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, ինչպես նաեւ առնվազն արտախորհրդարանական ուժերից 3 հոգի, որոնք սակայն գոնե երկու անգամ մասնակցել են ընտրությունների եւ ևս երեքն էլ՝ քաղհասարակության ներկայացուցիչներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ խորհուրդը վերջնական ձեւավորվելու է միայն մեկ ամիս անց եւ այն հաստատելուց հետո խորհուրդն իր հերթին պետք է ձեւավորի հինգ մասնագետից բաղկացած հանձնաժողով եւ հենց նրանք են զբաղվելու Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ:
Թե կոնկրերտ ինչ փոփոխություններ են լինելու եւ արդյոք կառավարման համակարգի փոփոխություն կլինի, թե ոչ, դեռ պարզ չէ: Ամեն դեպքում հիշեցնենք, որ դեռ այս տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։ «Եվ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի», – հավելել էր նա:
Սակայն ինչպես տեսնում ենք, նրա ասած ժամկետն ավարտվել է, իսկ նախագիծ չկա եւ դեռ ավելին, նախորդ խորհուրդի գործունեությունն էլ կասեցված է:
Ն.Հ.