Դեկտեմբերի 16-ին ավարտվեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանը: Այն իհարկե առանձնացավ առաջին հերթին պատգամավորների վեճերով, ծեծկռտուքներով, արտառոց իրավիճակներով: Այս ամենի հետ մեկտեղ նստաշրջանի ընթացքում ընդունվեցին մեծ թվով նախագծեր, որոնք հիմնականում ներկայացված են եղել կառավարության կողմից:
Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նստաշրջանի կողմից ամբողջությամբ քննարկվել եւ ընդունվել է 129 նախագիծ: Դրանցից միայն երեքն է ներկայացվել պատգամավորների կողմից:
Օրինակ դրանցից մեկը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն էր՝ ներկայացված ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Իսկ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը ներկայացրել էին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը տեղավորվում է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների դեմ պայքարի կոնտեքստում: Մյուս նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասինն էր: Մյուս բոլոր նախագծերը ներկայացված են եղել կառավարության կողմից:
Այս պահին առկա է օրակարգում ընդգրկված եւս 30 նախագիծ, որոնք արդեն կքննարկվեն հաջորդ տարի, իսկ օրակարգում չընդգրկված նախագծերի թիվն այս պահին 63 է:
Ն.Հ.