Կիթառով տղային` Սաշին, ով գիտի մարդկանց սրտի լարերին դիպչել, մինչեւ Զինված ուժերում ծառայելը հաճախ կարելի էր տեսնել երևանյան տաքուկ անկյուններում, ընկերական ջերմ միջավայրում երգելիս, նվագելիս: Հիմա դերասան Սաշան արդեն զինվոր Ալեքսանդր Գաբրիելյանն է: Նա գրեթե մեկ տարի է` արվեստը խառնում է բանակային դիսցիպլինին, ասում է` դժվար է, բայց ոչ անհնարին: Ծառայության ընթացքում Սաշան հասցրել է անգամ օրագիր պահել, որը շուտով պատրաստվում է հրատարակել գրքի տեսքով, որը կկոչվի «Նամակ Մատնաչափիկին»: Armlur.am-ը հետաքրքրվել է այս եւ այլն մանրամասների մասին:
-Ծառության ընթացքում պահել օրագիր, եւ այն էլ` ոչ սովորական. օրագիր, որտեղ ձեր մտորումներն են, երկխոսություն` Մատնաչափիկի հետ: Ե՞րբ եք ժամանակ գտնում ստեղծագործելու համար: Իսկ Մատնաչափիկը գիտի՞ այս օրագրի մասին: Մեզ կպատմե՞ք` ով է նա:
– Միշտ էլ հնարավոր է ժամանակ գտնել, եթե կա ցանկություն: Ծառայել Զինված ուժերում եւ միեւնույն ժամանակ փորձել ստեղծագործել` դժվար է, բայց ոչ անհնարին: Ծառայության եմ մեկնել, երբ սովորում էի Թատերական ինստիտուտի մագիստրատուրայում և ծառայությանս առաջին օրերից մտածում էի` ինչպես օգտագործել կրթությունս բանակում ի նպաստ հետպատերազմական հայրենիքիս: Միշտ էլ սիրել եմ փորձել գեղարվեստորեն շարադրել մտքերս, բայց դրանք հրապարակելու մասին երբեք չեմ մտածել: Այդ առումով ինձ համար այս քայլը բավական պատասխանատու եւ ռիսկաին էր: Ինչ խոսք, ռիսկի դիմել սիրում եմ, եթե սիտս է այդպես թելադրում: Այդպես էլ որոշեցի նամակս` ուղղված Մատնաչափիկին, փոքր-ինչ գեղարվեստորեն երանգավորել և հանրությանը ներկայացնել որպես գիք-նամակ, իսկ վաճառքից ստացված հասույթը ուղղել բարեգործության: Առհասարակ, կարծում եմ որ եթե յուրաքանչյուրս, անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ մասնագիտությունից հասարակական դիրքից եւ քաղաքական կողմնորոշումից մեր փոքրիկ ներդրումը կատարենք ի նպաստ հայրենիքի, հնարավոր է, որ կարճ ժամանակում կարողանանք ոտքի կանգնել ու կառուցել ամուր պետություն: Իսկ թե ով է Մատնաչափիկը` թույլ տվեք պահել գաղտնի (ժպտում է):
-Դժվարին օրեր ենք ապրում`հետպատերազմյան փուլ, ողնաշարն ուղղելու ժամանակներ…Արվեստը կօգնի՞:
– Մեր ողջ պատմության ընթացքում կռիվ ենք տվել մեր մշակույթի, մեր տեսակի համար, ու այսօր հետին պլան մղել արվեստը, կարծում եմ, հանցավոր քայլ է, այո, հենց հանցավոր: Որովհետեւ արվեստը միակ ձեռքն է, որ կարող է շոյել մարդկանց սրտերը, մաքրել տխրությունը, ուժ տալ պայքարելու համար…Եկեք հետադարձ հայացք նետենք պատմությանը: Յուրաքանչյուր հեղափոխություն, պատերազմ, հաղթանակ հիշվում է դրան նվիրված երգերով, գրքերով կտավներով, այսինքն` արվեստի գործերով: Ուստի, այո, արվեստը կարող է օգնել: Եթե պետական մակարդակով ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ապա արվեստի ձեռքերով կարող ենք բուժել մեր կոտրված մեջքը:
-Ձեր ծառայակից ընկերները կամ հրամանատարները գիտե՞ն, որ ստեղծագործում եք՞: Մեկ այլ աշխարհ ունենալը մեր իրականությունում օգնու՞մ է դիմագրավել փորձություններին:
– Այո, իհարկե տեղյակ են, դա գաղտնիք չէ, ավելին` նրանք իմ առաջին ունկնդիրներն են ու նրանց քիմքը հասկանալը բավական բարդ պրոցես է, որովհետև բանակում մեկտեղվել են մարդկային բոլոր կերպարները և խտացված ձևաչափով ապրում են միասին: Իսկ այլ աշխարհ բոլորն էլ ունեն. մեկի մոտ այն ավելի վառ է արտահայտված, մյուսի մոտ` ավելի քիչ: Ինչ վերաբերում է փորձություններին, դրանք սովորական երևույթներ են, որոնք հարկավոր են կյանքին, իսկ դրանք հաղթահարելը մեկ ժպիտի խնդիր է:
-Ինչի՞ մասին եք երազում: Շուտով Ամանոր է, որքանո՞վ է կարեւոր անձնական ու անանձնական երազը չկորցնելը:
– Երազել… Միշտ եմ երազում: Կդժվարանամ ասել, թե կոնկրետ ինչի մասին եմ երազում. հնարավոր է` մայրիկիս պատրաստած «Միկադոյի» կամ քրոջս անհասկանալի ցանկության` իմ շապիկները հագնելու մասին, հայրիկիս` անվերջ թոռ ցանկանալու, կամ Մատնաչափիկին տեսնելու մասին: Ինձ հաճախ են ասում, որ շատ եմ երազում եւ այդքան երազել հարկավոր չէ, որ պետք է հողին կպած լինել: Իսկ ես որպես պատասխան ասում եմ, որ իմ բոլոր երազանքները կատարվել են եւ կատարվում են ու երազելն ապրեցնող ուժ ունի իր մեջ:
-Ձեր օրագիրը կդառնա գիրք: Շնորհանդեսը ե՞րբ եք նախատեսում: Ընթերցողական թիրախը պատկերացնու՞մ եք:
– Շնորհանդեսը տեղի կունենա գալիք տարեսկզբին` արձակուրդիս ժամանակ, իսկ թիրախային խմբում երիտասարդ ընթերցողներն են եւ, առհասարակ, բոլոր նրանք, ովքեր սիրում են գեղեցիկը: Գրքիս հրատարակման աշխատաքներին մասնակցություն ունենալու համար հատուկ շնորհակալություն Մանե Գաբրիելյանին, Հովհաննես սարկավագ Ավետիսյանին, Քրիստինե Առաքելյանին:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը