ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաթնամթերքի արտադրության ծավալները նվազել են. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին թթվասերի արտադրության ծավալները նվազել են՝ 1.8, մածունինը` 5.4, իսկ կաթնաշոռինը` 1.9 տոկոսով: Իսկ ահա կաթի արտադրության ծավալներն այս տարվա 10 ամիսներին 2.3 տոկոսով պակասել են: Ոլորտի մասնագետներից մի քանիսը ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ:

Տեղեկացնենք, որ Հայաստանը ամեն տարի ներմուծում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հայաստանը կաթի փոշի ներկրում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Մենք` սպառողներս, բնականաբար նախընտրում ենք բնական սննդամթերք:

Մինչդեռ որոշ արտադրողներ բավականին էժան գնով կաթի փոշի են ներկրում եւ դրանից կարողանում ավելի ցածր գնով կաթնամթերք ստանալ եւ վաճառել, ինչը բացասական ազդեցություն է ունենում գյուղացիներից մթերվող կաթի սպառման վրա: Այսինքն` գյուղացին կաթի մեկ լիտրը վերամշակող ընկերությանը վաճառում է 90-100 դրամով:

Այս գինը գյուղացիների համար շատ ցածր է, քանի որ ծախսերը չի ծածկում: Բայց մասնագետների մի շրջանակ պնդում է, որ կաթի փոշին մեր երկրի կաթնամթերքի ոլորտում խիստ անհրաժեշտ է, քանի որ երբ երաշտ է լինում, եւ կաթը չի բավականացնում, կաթի ընդհանուր պահանջարկի մեկ երրորդը կաթնարտադրությունը չի կարողանում ապահովել, եւ այդ պակասը լրացվում է կաթի փոշու հաշվին:

Մյուս կողմից, ենթադրվում է, որ առաջիկայում կաթի արտադրության ծավալներն էլ ավելի են նվազելու, քանի բազմաթիվ ֆերմերներ խոտ չունենալու պատճառով ստիպված են լինում մորթել իրենց անասունը:

Ս.Հ.




Լրահոս