Ինչ է սպասվում Գառնիկ Իսագուլյանին և ում դեմ էր նա փաստեր ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն):

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե Գառնիկ Իսագուլյանը սուտ տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայում ՀՀ դեսպանի մասին: «Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Այսինքն, նրան մեղադրանք է առաջադրվել ասուլիսի ժամանակ իր հայտնած տեղեկության համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը Ուկրաինայում ՀՀ դեսպան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասին է: Ընդ որում, նկատենք վերջինիս մասնակցությամբ մի դրվագի մասին տեղեկություններ էր հայտնել նաեւ լրագրող Նաիրի Հոխիկյանը: Եվ վերջինս անգամ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հոխիկյանի: Նա ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։

Իսկ ահա հոդված 333-ում, որով մեղադրվում է Գառնիկ Իսագուլյանը, ասվում է.

1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,

3) կատարվել է շահադիտական դրդումներով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այսինքն, մեղադրանքի հաստատման պարագայում Գառնիկ Իսագուլյանին կարող է սպասվել առավելագույնը հինգ տարվա ազատազրկում:

Ն.Հ.




Լրահոս