Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու եւ չարտերային չվերթներ բացելու առաջարկին արձագանքել է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ հիշեցնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակվել է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ:
Հոդվածագիրը նկատում է, որ Երեւանն ու Անկարան նախկինում եւս փոխանակվել են համապատասխան ազդակներով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին Ադրբեջան կատարած այցի շրջանակում հայտարարել էր «Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի երկարատեւ խաղաղության հասնելու համար բարենպաստ պայմանների առկայության մասին»: Միջնորդական ջանքերով հանդես է եկել Վրաստանը: Սակայն բոլորովին վերջերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ոչ մի բանակցություն Թուրքիայի հետ չի ընթանում: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին:
«Այսինքն՝ պաշտոնական Երեւանն այդ գործընթացը ներկայացնում էր որպես Մոսկվայի հետ համաձայնեցված՝ նպատակ ունենալով խուսափել որոշակի քաղաքական շրջանակների կողմից իր դեմ ուղղված քննադատությունից, թեեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում ավելի վաղ խոսվում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, առանց նախապայմանների: Բացի այդ, ենթադրում ենք, որ պատահական չէ, որ Չավուշօղլուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, որ Մոսկվայում կայացել է «3+2» ձեւաչափով (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան) առաջին նիստը՝ փոխարտգործնախարարների մակարդակով, երբ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հայտնվել էին մեկ սեղանի շուրջ: Բացի այդ, տեղեկություն է հայտնվել, որ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ, իսկ ավելի ուշ՝ եռակողմ հանդիպում: Օրակարգի գլխավոր հարցն այսպես է ձեւավորվել. «կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովում»»,- գրում է Տարասովը:
«Ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ վերոնշյալ գործընթացից: Նախեւառաջ փոխվում են Անդրկովկասի երկրաքաղաքական ուրվագծերը, ինչը կապված է Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունների ընդլայնման հետ, որոնք ամրապնդվելու են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ մասշտաբային տարածաշրջանային հաղորդակցական նախագծերին համատեղ մասնակցությամբ»,-գրում է կովկասագետը՝ հիշեցնելով, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ կանգնած է «պատմական հաշտեցման խնդիրը», որը ներկա պահին երկրորդ պլան է մղվում:
«Երեւանի համար դա «նշաձողերի փոփոխություն է», որը սկսվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո: Այս առումով որոշակի ջերմացումը հայ-թուրքական հարաբերություններում Երեւանի եւ Անկարայի միջեւ խնդիրների ողջ համալիրը շեղում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցից: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման նորմալ մակարդակ դուրս գալը նշանակում է դիրքերի հետագա ամրապնդում Անդրկովկասում: Դա մեծ կովկասյան խաղի մի մասն է, որում առաջատար խաղացողները սեփական պատկերացումներն ունեն: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա գործնականում վերականգնում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան պատմական եռանկյունու ազդեցությունը տարածաշրջանում: Այժմ հարցը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերակենդանացումը քաղաքական եւ տնտեսական առումով շահութաբեր նախագծի վերածելն է, հակառակ դեպքում փոփոխությունների նոր փուլի դեռ երկար պետք է սպասել»,- եզրափակում է մասնագետը:
Ն. Պ.
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿՍԿՍԵՆ
Հունվարից Ադրբեջանի կառավարությունը գործարկում է Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղեւորափոխադրումներ։ Ուղեւորափոխադրումները կիրականացվեն ավտոբուսներով, նախնական փուլում՝ շաբաթական երկու անգամ, հետագայում ավելի շատ. նշում է լրատվամիջոցը։ Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր դեպի Շուշի երկաթգծի կառուցման պլանների մասին։ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովի խոսքով՝ այդ նախագիծը մշակվում է թուրքական Kaylon ընկերության հետ համատեղ։ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կառավարությունը կառուցել է Ֆիզուլիի օդանավակայանը։ Ըստ այդ երկրի պաշտոնական աղբյուրների՝ առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաւ Զանգիլանի եւ Լաչինի շրջաններում։
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, եւս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ Ս. Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երեւանի քաղաքապետարանի եւ մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Հանձնաժողովը պարզել է, որ Երեւան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի եւ մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսեւորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաեւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։
ԿՐԱԿՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Դեկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին արդեն հայտնի է այն անձը, ով կրակոցներ է արձակել Ռիգայի փողոցում: Ավելին, դեպքի վայրում առկա տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենան գալիս նշված վայր, անկանոն կրակոցներ արձակում եւ փախուստի դիմում: Հավելենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը
2022 թվականի հունվարի 1-ին նախատեսվող կենսաթոշակների չափերի վերահաշվարկմամբ (բարձրացմամբ) պայմանավորված՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների կանխիկ վճարումները կիրականացվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը: Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման գործընթացն արդեն սկսված է:
ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ
Արեւելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով: «COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը բարձրացնելու հրատապությունը։ Նույնը տեղի է ունենում նոր տարբերակի՝ Omicron-ի պարագայում: Միայն պատվաստումն է, որ կարող է փրկել մեզ բոլորիս։ Մենք խոսում ենք արեւելյան գործընկեր երկրների մասին, որտեղ պատվաստումների միջին մակարդակը կազմում է ընդամենը 28 տոկոս: Այսպիսով, ժամանակն է օգնել նրանց արագացնել պատվաստումների գործընթացը եւ բոլորին լիարժեք պատվաստել»,- նշել է հանձնակատարը: