Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով, ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին:
«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դրանից չենք վախենում, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով՝ ինչպես ցանկացած գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք նաև ուղիղ երկխոսության», – ասել է Զելենսկին՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հարցին։Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, և անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարել Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք հանդիպման տարբեր ձևաչափեր ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարը դեռևս տեսանելի չէ, քանի որ նախկին համաձայնագրերի ձևերն ու կարգավիճակը չեն փոխվում։ Միաժամանակ նա հիշեցրել է Պուտինի պատրաստակամությունը նման երկխոսության՝ համապատասխան օրակարգի առկայության դեպքում, ինչը բազմիցս ընդգծվել է։