Սույն թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ, ադրբեջանագետ, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ ասած միտքը, թե «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, եւ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները», բավական վտանգավոր թեզ է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայրապետյանը նշում է, որ Փաշինյանն այդ հայտարարությունն արել է իբրեւ թե նախկին իշխանությունների դեմ պայքարի հայտնի տրամաբանության շրջանակներում, բայց իրականում վտանգավոր այդ թեզով ՀՀ վարչապետը հարցականի տակ է դնում եւ մեծ վնաս հասցնում Արցախի շուրջ ներկա եւ ապագա բանակցային գործընթացը:
Ըստ Հայրապետյանի՝ եթե Արցախն իսկապես կորցնելու լիներ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները, ապա Ալիեւը ուրախությամբ կընդուներ այդ ժամանակ առաջարկվող լուծումն ու չէր գնա ռազմական սցենարի կիրառմանը:
«Իրականությունը, սակայն, այլ է: Անգամ Ալիեւն է խոստովանել, որ գնացել է պատերազմի, քանի որ չէր ցանկանում թույլ տալ, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս ինչ-որ կարգավիճակ ունենա: Ավելին, Մադրիդյան հիմնարար երեք սկզբունքներից մեկով հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը, սա անբեկանելի է եւ ձեռք է բերվել նաեւ դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ: Փաստացի վերջին առաջարկվող փաստաթուղթը, երբ կողմերը մոտ են եղել ստորագրմանը, եղել է 2011-ի Կազանյան փաստաթուղթը, որը նախատեսում էր միջանկյալ կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հանրաքվեի անցկացմամբ: Սա թղթավորված փաստ է: Դրանից հետո այդ փաստաթղթի շուրջ եղել են որոշ առաջարկներ, բայց էությունը չի փոխվել, ցանկացած հնարավոր փոխզիջումային լուծում նախատեսում էր առնվազն միջանկյալ կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հանրաքվեի անցկացմամբ, իսկ դա բոլորս հասկանում ենք՝ ինչ արդյունք էր ունենալու»,- մանրամասնում է նախկին պատգամավորը:
Հայրապետյանը ցավով է նշում, որ դա վարչապետի կողմից արտաբերված մեկանգամյա թեզ չէր, քանի որ դրանից հետո իշխանական պատգամավորները ակտիվորեն լծվեցին այն «ապացուցելու» գործին: Ադրբեջանագետի համոզմամբ՝ այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանություն-ընդդիմություն պայքարի համատեքստում. դա շատ ավելի վտանգավոր միտում է: «Մեզ փորձում են զրկել Արցախից եւ այդ հարցն առհասարակ դուրս մղել օրակարգից՝ կանխորոշելով Արցախի ապագան: Բոլորս ենք, չէ՞, հասկանում, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը նշանակում է կա՛մ արցախահայության բնաջնջում, կա՛մ էլ տեղահանում: Որքան էլ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ գաղտնի պահվեն, դրանց մեծ մասը ժամանակ առ ժամանակ ներկայացվել է հանրությանը: Ցանկացած սուտ եւ մանիպուլացիա, որն արվում է սեփական անգործությունն ու անկարողությունը արդարացնելու համար, եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ առումով մեծապես վնասում է Հայաստանին»,- հավելում է մեր զրուցակիցը:
Նրա կարծիքով՝ ոչ ոք, այդ թվում՝ գործող, «պողպատյա մանդատով» օժտված իշխանությունը իրավունքի չունի մեր ու ապագա սերունդների փոխարեն որոշել եւ «փակել» Արցախի հիմնահարցը: Ընդգծում է՝ նրանց ոչ ոք նման մանդատ չի տվել: «Արցախը հայկական պահելու համար բազմաթիվ կյանքեր են զոհաբերվել, հսկայական ջանք է գործադրվել տասնամյակներ շարունակ, քանի որ գիտակից մարդիկ հասկացել են, որ Արցախը Հայաստանի վահանն է ու թիկունքը: Դա նաեւ հասկացել են մեր հակառակորդները: Իմ համոզմամբ՝ անվերջ զիջումների, հարմարվողականության ճանապարհով գնալով՝ հարցականի տակ ենք դնելու Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը: Այսօր Սյունիքի (եւ ոչ միայն Սյունիքի) շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է: Այս ֆոնին ուշագրավ է, որ երբ հերթական անգամ լարվում է սահմանային իրավիճակը, որի հետեւանքով մենք, ցավոք, զոհ ունեցանք, ինչպես նաեւ վիրավորներ, Փաշինյանը հերթական գրառումն է անում ենթադրյալ «գործակալների» մասին: Ազգային Ժողովում հայտնված ուժերը, հակառակորդին ծառայելու մեջ իրար մեղադրելու փոխարեն, ճիշտ կլինի՝ ուժ ու իմաստություն ցուցաբերեն, մեկտեղեն հնարավորություններն ու ջանքերը՝ ընդդեմ իրական հակառակորդի»,- շեշտում է Տաթեւիկ Հայրապետյանը:
Ս. Վ.
ՈՐԴԻՆԵՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
2,5 ամիս է անցել, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ցուցմունք չի տալիս: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր նրա՝ ազատության մեջ գտնվելու դատարանի որոշումը, ինչը դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մեզ հետ զրույցում մարզպետի որդու պաշտպան Յուրա Ավայանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը:
Հիշեցնենք, որ 1,5 ամիս հետախուզման մեջ գտնվող մարզպետի որդին ինքնակամ ներկայացել էր ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն եւ տեղափոխվել էր «Արմավիր» ՔԿՀ, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության եւ ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի եւ ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։
Ի դեպ, Սյունիքի մարզպետի որդին միակը չէ, որ ցուցմունք չի տալիս եւ «գողական է գնում»: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է. տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Մինչ այդ Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել սեպտեմբերի 1-ից, հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նա եւս ցուցմունք չի տալիս. «գողական է գնում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ, ահա, ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել: Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի եւ փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների համար:
Այսպիսով, մեղադրյալի աթոռին է հայտնվել Անրի Սեդոյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Կարեն Մարությանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով Անրի Սեդոյանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
Վերջիններս կալանավորված են: ArmLur.am-ի հետ զրույցում Անրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ահազանգում է, որ Անրի Սեդոյանը քրեակատարողական հիմնարկում կմահանա, ինչպես եղավ Հաց բերողի դեպքում: