ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԲՈՒԺՈՒՄԸ ԴԱՌՆԱ ՎՃԱՐՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը վճարովի դարձնելու հարցը: Այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Հաշվի առնելով երկրում իրականացվող պատվաստումային գործընթացը, որն այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչպես նաեւ կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու փաստը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է քննարկել այն տարբերակը, որ, հնարավոր է, չպատվաստվածների դեպքում կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դառնա վճարովի: Մեր քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստման տարբերակ»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նախատեսված է սահմանել փետրվարի 1-ից, Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ դա նախնական ժամկետ է եւ կարող է փոփոխվել: Նա նկատեց, որ այդ խնդիրը միշտ էլ նախարարության քննարկման առանցքում է եղել, ու, կախված իրավիճակից, կլինեն վերջնական որոշումներ: «Կորոնավիրուսի դեպքում որոշումներն իրավիճակային են, հաշվի ենք առնում հիվանդացության թվերը, տարածվելու տեմպը, պատվաստումների ցուցանիշը: Մեր պետությունը պատվաստանյութերի մրցավազքի մեջ կարողանում է ձեռք բերել այն քանակի պատվաստանյութեր, որ բոլորին բավարարի: Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում»,- ասել է Հռիփսիմե Խաչատրյանը: Այն հարցին, թե Հայաստանը երբ կունենա Pfizer պատվաստանյութը, նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ դրա հետ կապված դեռ նորություն չկա, բանակցությունները շարունակվում են, ժամկետները հստակ չեն: «Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում սպասում են Pfizer-ին, կհիշեցնեմ, որ այդ խմբի պատվաստանյութ Հայաստանն ունի. դա «Մոդերնա»-ն է»,-հավելել է Հռիփսիմե Խաչատրյանը:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերհովան կոչ է արել համաշխարհային հանրությանը ջանքեր գործադրել հաջորդ տարի կորոնավիրուսի համաճարակին վերջ տալու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է El Pais թերթում։ «Մենք պետք է վերջ դնենք այս պանդեմիային»,-նշել է նա։ «Մենք պետք է ցածր մակարդակի հասցնենք վարակումները, խուսափենք լուրջ հիվանդություններից պատվաստումների միջոցով եւ ապահովենք ժամանակին բուժումը։ 2022 թվականը պետք է լինի տարի, երբ մենք դա կանենք»,- ասել է փորձագետը։ «Բայց ես կարծում եմ, որ մենք բավարար ջանքեր չենք գործադրում, որպեսզի մոտենանք ավարտին»,-հավելել է նա. փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Կերհովան նաեւ մեկնաբանել է օմիկրոն շտամի առաջացումը։ «Եթե այն ավելի հեշտ է փոխանցվում, եւ կան մեծ թվով վարակման դեպքեր կա՛մ կրկին վարակվածների, կա՛մ արդեն պատվաստվածների շրջանում, ապա մեծ թվով դեպքերը կվերածվեն հոսպիտալացման մեծ թվով դեպքերի»,-պարզաբանել է նա։ «Եվ ավելի շատ հոսպիտալացումներն առանց այն էլ ծանրաբեռնված համակարգում կհանգեցնեն ավելի շատ թվով մահվան դեպքերի»,- ընդգծել է Կերհովան։ Նա կոչ է արել կառավարություններին քայլեր ձեռնարկել՝ նկատի չունենալով մեկուսացումը։ Նա հիշեցրել է դիմակներ կրելու, հեռավար աշխատանք ապահովելու, այլ մարդկանց հետ շփումը սահմանափակելու, հավաքներից խուսափելու եւ հիվանդանոցներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Կերհովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օմիկրոն շտամի հայտնվելը չի նշանակում, որ պատվաստանյութերը կդառնան անօգուտ։ «Սա միայն նշանակում է, որ, հավանաբար, դրանք չեն պաշտպանում այնպես, ինչպես դա եղել է դելտա տարբերակի դեպքում»,-ավելացրել է փորձագետը։

Ն. Պ.

 

 

ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ

ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

Պատմությունը ցույց է տվել՝ երբ մարդիկ արհամարհում են ժողովրդի ցանկությունը, նպատակը, ազգին բերում են կործանման եզրին: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Շատ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից, իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ. այս վտանգավոր միտումը տանելու է մեր պետականության վերջնական կործանման»,-ասել է նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ պետք է նշանակվի երկու կողմերից էլ, եւ հարցին՝ ինչպես է ինքը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, վերաբերվում այս գործընթացին։ «Այս վտանգավոր միտումը, ի վերջո, տանելու մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հատուկ են անում այդպես, որ մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,- ասել է պատգամավորը։ Այն հարցին, թե ՀՅԴ-ն դեմ է արդյոք, որ ՀՀ-ն ու Թուրքիան փորձեն բարիդրացիական հարաբերություններ ձեւավորել, Մինասյանն արձագանքել է. «Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, բազմիցս ենք ասել, որ դրան համաձայն ենք։ Բայց երբ ասում ենք՝ բարիդրացիական, ու՞մ հետ բարիդրացիական՝ մի պետության, մի իշխանության, որն ուզում ոչնչացնե՞լ քեզ։ Իր հետ ի՞նչ բարիդրացիություն։ Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես»,-ասել է նա՝ հարց հնչեցնելով՝ առանց ազգային իրավունքները պաշտպանելու, ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու, հետեւանքները վերացնելու ինչ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել։ «Եթե ձեր թշնամին, թեեւ ձեր հարեւանն է, պատրաստ է ամեն օր եւ ամեն ժամ մորթել, ոչնչացնել ձեզ, ձեր տունը խլել ձեր ձեռքից, իր հետ ի՞նչ բարիդրացիություն եք ուզում»,-ասել է նա։

Ըստ Մինասյանի՝ մի բան հստակ է՝ սա նոր գործընթաց չէ, ինչու՞ էին Թուրքիան ու Ադրբեջանը մինչեւ պատերազմի սկիզբը հրաժարվում։ «Եթե իրենք այս գործընթացով հասնում են իրենց նպատակին, դա մեր շահերի՞ց է բխում։ Այսինքն՝ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի ոչնչացումն իրենց նպատակն է, եւ իրենք նման քայլ են իրականացնում. եթե ՀՀ իշխանությունը մի փոքր ազգային մտածողություն ունենա, չպե՞տք է գնահատի՝ ինչու են նրանք անպայման ուզում այս նպատակն իրականացնել»,-նշել է պատգամավորը։

ՉՎԵՐԹՆԵՐ՝

ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ

Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ չարտերային չվերթներ է բացում դեպի Երեւան: Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման համար երկրները հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն: Անդրադառնալով այս առաջարկին՝ Bloomberg-ը տեսակետ է հայտնել, թե ինչով է դա պայմանավորված: «Թուրքիայի անակնկալ առաջարկը բխում է ԱՄՆ նախագահ Բայդենի խնդրանքից, որը հոկտեմբերի Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել էր բացել սահմանը մեկուսացման մեջ գնվող Հայաստանի հետ, ինչպես ավելի վաղ հայտնել էր բարձրաստիճան թուրք պաշտոնյան»,- գրում է գործակալությունը: Ըստ գործակալության՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլ անելով՝ Թուրքիան հույս ունի բարելավել լարված հարաբերությունները Վաշինգտոնի հետ:  Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հայկական կողմը եւս հայ-թուրքական երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

 

 

10 ՕՐՎԱ

ՂԵԿԱՎԱՐ

ԿԸՆՏՐԵՆ

Դեկտեմբերի 5-ին կայացան Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում խոշոր համայնքները ներառող Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններ։ Ընտրողների ընդհանուր թիվը 24 հազար 154 էր, որից քվեարկությանը  մասնակցեց 13 հազար 314-ը։ Քվարկության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը, որի թեկնածուների ցանկը գլխավորում էր Նոյեմբերյան  համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը, ստացավ 5710 քվե։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր Կողբ համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ստացավ 3856 քվե, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր գործարար Մհեր Աղամյանը, ստացավ 3480 քվե։

Նոյեմբերյանում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ  Նոյեմբերյանի ավագանու ընտրությունների արդյունքներով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  Նոյեմբերյան խոշոր համայնքի 21-տեղանոց ավագանիում կունենա   թվով  9, «Ապրելու երկիր»  եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»  կուսակցությունները՝  6-ական տեղեր։  Գ. Աբովյանը հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին կկայանա թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստ, որը դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրությունները կայացած կհամարի, իսկ դեկտեմբերի 16-ին իրենք Նոյեմբերյան  համայնքի ավագանու ընտրված անդամներին կհանձնեն մանդատները: Դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, նորընտիր ավագանին կընտրի  Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի առաջին ընտրությունը կկայանա բաց քվեարկությամբ, համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու 21 անդամների քվեների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 11 քվե։ Առաջին փուլով խոշոր համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կկայանա համայնքի ղեկավարի փակ քվեարկություն, որի արդյունքներով ավելի շատ քվե ստացած թեկնածուն կընտրվի Նոյեմբերյան համայնքի ղեկավար։ Նախընտրական շրջանում Նոյեմբերյանում խոսակցությունենր էին շրջանառվում, որ «Ապրելու երկիր» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, համայնքի ավագանու ընտրություններից հետո համագործակցելով, կընտրեն համայնքի ղեկավար, սակայն այժմ այդ համագործակցությունն անիրատեսական է թվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս