ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։
Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած՝ ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո, առանց որեւէ հիմքի, Գեղարքունիքում եւ Սյունիքում հայտնվել են գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին: Բացի այն, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման եւ հումանիտար խնդիրների առաջ:
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում՝ մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում: Հանդիպմանը քննարկվել են նաեւ դատական համակարգում առկա խնդիրները. Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան՝ խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Պաշտպանն անդրադարձել է նաեւ դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ: Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը եւս դարձել են մանրամասն քննարկման առարկա։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍԻՄԻԴՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ղեկավար ունի՝ Հակոբ Սիմիդյանն է, որ մինչ այդ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։ Որ հմտության համար է Նիկոլ Փաշինյանը Սիմիդյանին նախարարի պաշտոն վստահել՝ փորձեցինք պարզել՝ ըստ նրա անցած ճանապարհի։
Այսպես, 2004-ին ավարտելով Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝ Սիմիդյանն աշխատանքի է անցել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմինե Հովհանիսյանի ղեկավարած կառույցում՝ «Օրրան» ՀԿ-ում։ Ի դեպ, նշված չէ, թե բարեգործական ՀԿ-ում ինչ աշխատանք է արել։
Հովհաննիսյանի ղեկավարած կառույցում երկու տարի աշխատելուց հետո 2009-2012 թթ. «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել։ Հիշյալ ՍՊԸ-ն, նշենք, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հրատարակիչն է։ 2013-ին «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի տնօրենն է եղել, իսկ 2012-2017-ին, ըստ կառավարության կայքում ներկայացված կենսագրության, ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական է աշխատել։ Ի դեպ, gov.am-ում նշված չէ, որ Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել։
2018-ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական կուրս էր փոխվել, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն է տնօրինել, նույն տարում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։ Սպորտի հետ էլ է առնչվել Սիմիդյանը՝ 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդական նշանակվելով։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները։ Հետպատերազմյան՝ 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել՝ սկզբից վարչապետի խորհրդականի, այժմ, փաստորեն, շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնելով։
Նայելով ու ուսումնասիրելով նախարար Սիմիդյանի կենսագրությունն ու աշխատանքային փորձը՝ պարզ է դառնում, որ նրա աշխատանքային գործունեությունը սկսում ու շարունակվում է՝ ուղղակիորեն կապված լինելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Հետեւաբար փորձել հասկանալ՝ որ հատկանիշի կամ արժանիքի համար է ոչ միայն Սիմիդյանը, այլ նաեւ Փաշինյանի ցանկացած այլ թիմակից, յուրային այս կամ այն պաշտոնի նշանակվել ու նշանակվում, անիմաստ է. 1990-ականներից մինչեւ մեր օրեր ՀՀՇ-ի հայտնի «կանոնն» է գործում։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ