Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան. որն է օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Независимая Газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսն անդրադարձել է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ այսօր Հայաստան սպասվող այցին: Նախ նշենք, որ Զասը Հայաստան է ժամանում երկօրյա այցով:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նա կհանդիպի երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ և կքննարկի դաշինքի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։

Եվ այսպես, հոդվածագիրը նկատում է.  «Արդեն որոշ ժամանակ է, ինչ Հայաստանը թերահավատորեն է վերաբերվում հենց ՀԱՊԿ-ին և այս դաշինքին անդամակցությանը։ Սա Ռուսաստանի և Բելառուսի կողմից Հայաստանի համար թշնամի Ադրբեջանին զենք վաճառելու արդյունքն էր։  Հայ-ադրբեջանական սրացումը ոչ մի կերպ չի նպաստել Հայաստանում ՀԱՊԿ-ի հեղինակության բարելավմանը: Ամեն անգամ, օգտագործելով ցանկացած պատրվակ, դաշինքի ղեկավարությունն ամեն կերպ իրեն հեռու է պահել հակամարտությունից։ Երբ 2016-ին սահմանին բախումներ են սկսվել, Երևանին ասել են, որ ՀԱՊԿ-ը չի միջամտում սահմանային հակամարտություններին։ Երբ Լեռնային Ղարաբաղում սկսվել է 44-օրյա պատերազմը, ՀԱՊԿ-ը երկար դադարից հետո հայտարարել է, որ մարտերն ուղղակիորեն չեն սպառնում Հայաստանին, որպեսզի գործի դրվի կազմակերպության կանոնադրության հավաքական անվտանգության հոդվածը։ Երբ Ղարաբաղից հեռու փաստացի սկսել են գնդակոծվել հայկական գյուղերը, և ադրբեջանական զորքերը պարբերաբար սկսել են ներխուժել Հայաստանի տարածք, դաշինքը «դա չի տեսել», – նշում է հոդվածագիրը։

Հավելենք, որ ըստ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի, Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանի հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կատարման գործողությունների ծրագրի և Հայաստանի նախագահության օրոք կազմակերպության առաջնահերթ ուղղությունների ու գործունեության իրականացման
նախագիծը: Նա տեղեկացրել է նաև, որ այցի ծրագրում ներառված են բանակցություններ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս հանդիպումներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կտեղեկացվի տարածաշրջանային գործընթացների մասին, որոնց մասնակցում է Հայաստանը։ Խոսքն առաջին հերթին հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին է:

Իր հերթին հոդվածագիրը նկատում է, որ այս երկու գործընթացներում ընդհանուր բանը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Ե՛վ Բաքուն, և՛ Անկարան չեն թաքցնում իրենց հիմնական նպատակը՝ մոտ ապագայում Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Hurriyet-ին մեկնաբանելով իրավիճակը, հիշեցրել է, որ կողմերը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել հարաբերությունները բարելավելու համար. Երևանը կներկայացնի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը…

Ն.Հ.




Լրահոս