Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն ասում է, որ պատրաստվում է խորհրդարանում գործունեություն ծավալել։ ArmLur.am-ի հետ զրույցում նա խոսեց հետագա անելիքների մասին։
-Երկարատեւ անազատության մեջ հայտնվելուց հետո ստանձնել եք Ձեր մանդատը: Ի՞նչ ասելիք ունեք:
-Կաշխատենք, ժամանակը ցույց կտա: Առաջին օրը եկել եմ, նպատակահարմար չեմ գտնում՝ հայտարարեմ, թե ինչ ասելիքով եմ եկել:
-Պատրաստվո՞ւմ եք շարունակել գործունեությունը խորհրդարանում:
-Անպայման: Լիովին համաձայն եմ մեր խմբակցության՝ իմ բացակայության ժամանակ հայտնած բոլոր մտքերին, գաղափարներին եւ նույն ոգով շարունակելու եմ:
-Մարդկանց մոտ այնպիսի մտավախություն կար, որ, հնարավոր է, նորից հետ գնաք Ձեր հարազատ մարզ, շարունակեք տեղական ինքնակառավարումը, այլ ոչ թե ստանձնեք պատգամավորական գործունեություն:
-Չգիտեմ, թե որտեղից է այդ կարծիքը վերցված, բայց Սյունիքում, մասնավորապես՝ Մեղրիում տեղի են ունեցել ընտրություններ, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Ես միայն կարող եմ հաջողություն մաղթել տեղական ինքնակառավարման ե՛ւ հաղթած, ե՛ւ չհաղթած ավագանու կազմին, մաղթել արդյունավետ գործունեություն, եւ ինքս պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել: Չկա Ձեր նշած մտայնությունը. ես մտադիր եմ ԱԺ-ում շարունակել իմ գործունեությունը:
-Մի քանի ամիս անազատության մեջ էիք, եւ պարզվեց, որ դա ոչ իրավաչափ է եղել: Այս մասով ո՞րն է Ձեր ասելիքը:
-Ես ստիպված եմ կրկնել իմ խոսքերը. ներկա իրավիճակում այս պահին մեր երկիրն ու ազգաբնակչությունն այնպիսի ծանր մարտահրավերներ ունի՝ գերիների, անհայտ կորածների հարցը, եւ խոսել 5 ամիս իմ անազատության մեջ լինելուց եսասիրություն կլինի: Կոչ եմ անում բոլորին անձնական խնդիրները թողնել մի կողմ եւ ամբողջ իրենց եռանդն ու էներգիան ներդնել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:
-Սյունիքում ի՞նչ վիճակ է: Ի՞նչ տեղեկություն կփոխանցեք սահմանների մասին: Հանգի՞ստ է, թե՞ կա լարվածություն:
-Տիրապետում եմ այնքան, որքան բոլորը: Ցավոք, դեռ չեմ հասցրել լինել Սյունիքում, պատրաստվում եմ գնալ, տեղում կուսումնասիրեմ: Բայց ես ուզում եմ նշել, որ եթե մենք մեր հույսը կապում ենք համայքնապետի, ԱԺ պատգամավորի կամ մեկ այլ մարդու հետ, եթե մտածում ենք, որ իրենք պետք է այդ հարցերը լուծեն՝ սահմանի հանգստության, ուժեղացման համար, ապա մենք ինստիտուցիոնալ արդեն պարտված ենք: Սահմանի պաշտպանությամբ ու պահպանությամբ պետք է զբաղվի պետական լիազորված մարմինը, տվյալ դեպքում՝ մեր Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը: Մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք օգնելու, նպաստելու, օժանդակելու համար:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԿՓՈԽՎԻ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարանին, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Բանն այն է, որ փետրվարի 11-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել է, որ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ սահմանվել է, որ նշված դրույթը ուժի մեջ պետք է մտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
Սակայն այս նախագծով կառավարությունն առաջարկվում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը: Հիմնավորման մեջ նշվում է, որ ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա եւ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության եւ կրկնությունների վերհանման գործողություններ, եւ նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել եւ գործում է փորձագիտական խումբ:
Փորձագիտական խմբի կազմում ընդգրկված է նաեւ Համաշխարհային բանկի կողմից ներգրավված փորձագետ, այսինքն՝ ստացվում է, որ, մի կողմից, կառավարությունը նախատեսում է վերլուծել պետական սահմանում տեղի ունեցող գործառույթները, հնարավորության դեպքում թեթեւացնելու կամ սահմանից հանելու այն գործառույթները, որոնք պարտադիր չէ իրականացնել սահմանին, իսկ մեկ այլ դեպքում (քննարկվող նախագծի դեպքում) պետությունը ավելացնում է սահմանին գործառույթ իրականացնող մարմինների շրջանակը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կառավարությունն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը պետական սահմանին: Ընդ որում, որոշակի ժամկետով հետաձգելու հիմնավորումը կայանում է նրանում, որ վերոնշյալ փորձագիտական խումբը մինչեւ այս տարվա ավարտը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության համար սահմանում իրականացվող գործառույթների էտալոնային մոդելը: Նշված մոդելն ունենալուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ինչ ենք ուզում ունենալ սահմանին, եւ որ գործառույթներն է անհրաժեշտ իրականացնել սահմանին, իսկ որոնք իրականացնել երկրի ներսում:
Ն.Հ.
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ՝ ԱԺ-ՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից: Մենք տեղեկացանք, որ այս ազատումն ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ Աննա Գրիգորյանը համարվում է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կադրերից, եւ նրան հեռացրել են հենց այդ պատճառով: Այժմ խորհրդարանում ընթանում են կադրային փոփոխություններ, եւ Արարատ Միրզոյանի կադրերին հերթով փոխելու են:
ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ
Շուռնուխի բնակչուհի 72-ամյա Անահիտ Ալեքյանն ամեն օր պատուհանից տեսնում է ադրբեջանական ուժերի տեղաշարժը: Ասում է՝ ադրբեջանիցներն իրավունք չունեին մտնել գյուղ: Շուռնուխցի այս կինը hարցեր է բարձրաձայնում, բայց պատասխաններ այդպես էլ չի ստանում: Տիկին Անահիտը միայնակ է ապրում ուրիշի տանը: Սահմանազատման արդյունքում իր երկհարկանի տունը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Կնոջ եկամտի միակ աղբյուրը ստացած կենսաթոշակն է՝ 26 հազար դրամի չափով: Տիկին Անահիտն ArmLur.am-ի հետ զրույցում թախիծով հիշեց իր երկհարկանի տունը, բայց, չնայած սրան, Շուռնուխի բնակիչը ոչնչից եւ ոչ ոքից չի վախենում:
ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՆ ԱՌԳՐԱՎՎԵՑԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային անվտանգության ծառայությունը գրություն է ուղարկել Ազգային ժողովի ղեկավար կազմին՝ պահանջելով տրամադրել Ազգայի ժողովի տեսախցիկները, որոնք արձանագրել են միջադեպը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի խոսքով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացել են գրություն եւ գրությանը ընթացք են տվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր եղել: ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականները իշխանականների հետ փորձել էին հաշիվ մաքրել: Այս պահին ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, եւ մնացել է 2 օր, եւ դեկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը որոշում կկայացնի՝ կա՛մ միջադեպով կհարուցվի քրեական գործ, կա՛մ կմերժվի: Ի դեպ, ԱԱԾ-ում կան խոսակցություններ, որ բոլոր հիմքերը կան քրեական գործ հարուցելու, սակայն դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: