Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման եւ ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին եւ տարածաշրջանային իրողություններին: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության 7 տարվա գործունեության եւ կառույցին Հայաստանի անդամակցության 7-ամյակի մասին: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, Հայաստանը եւ մյուս անդամ պետությունները սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ում, եւ, քանի որ մենք հիմա Երեւանում ենք, կուզեի հատուկ շեշտել հայկական կողմի կառուցողական, շահագրգռված մոտեցումը ինտեգրման զարգացման հարցերում: Հայաստանը մեծ դեր է խաղում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման գործում»,-նշել է Ռուսաստանի դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Եվրասիական միության աշխատանքի կարեւոր ուղղություններից մեկը դրա աշխարհագրության ընդլայնումն է երրորդ երկրների եւ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ կապերի հաստատման միջոցով:
Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ին անդամակցում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան, Ուզբեկստանը եւ Կուբան, եւս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի եւ Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առեւտրային համաձայնագրեր: Դեսպան Կոպիրկինը այդ համատեքստում հիշեցրեց, որ Երեւանում 2019 թ. հոկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում էին նաեւ Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները:
ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած տնտեսական օգուտները, ըստ դեսպանի, նույնպես ակնհայտ են: Դրա մասին է վկայում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների հետ Հայաստանի փոխադարձ առեւտրի աճը: «Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են գրեթե 30 տոկոսով, ընդ որում՝ աճը գրանցվել է բոլոր գործընկերների հետ», – հաղորդեց Ռուսաստանի դեսպանը:
Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորվել է Մաքսային միության հիմքի վրա՝ 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագրով: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում եւ ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:
Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա ժողովը եւ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության 7 տարին. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողովը կազմակերպել էին Եվրասիական փորձագիտական ակումբը եւ «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեսպանությունների դիվանագետները, Հայաստանում ռուսական 102-դր ռազմաբազայի ներկայացուցիչները եւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:
Ն. Պ.
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար ՍԵյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: Մեզ հետ զրույցում Օհանյանը հաստատեց տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ քննություն է ընթանում: Ինչպես հայտնի է, օրերս հրապարակվեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Մասնավորապես, գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Պաշտպանության նախարարության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Հունվարի 1-ից Հայաստանում մի քանի փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ»-ը կանդրադառնա դրանց մեկ-մեկ։ Մասնավորապես՝ հաջորդ տարվանից առեւտրի, ծառայությունների եւ բազմաթիվ այլ գործարքներ պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Մասնավորապես, խոսքը 300 հազար դրամից ավելի գործարքների մասին է։ Օրենքում ասվում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հունվարի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների (այդ թվում՝ տրամադրված եւ ստացված փոխառություններ եւ դրանց դիմաց ստացված տոկոսներ, որի մի կողմը ֆիզիկական անձ է) դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն»։ Այս օրենքով, օրինակ, արգելվում է կանխիկ վճարումներ կատարել փաստաբանական եւ նոտարական ծառայությունների դիմաց։ Բացառապես անկանխիկ ձեւով են լինելու նաեւ գրավատների կողմից 20 հազար դրամը գերազանցող վարկերը։
ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆՔ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ
Օրերս խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է բոլոր տեսակի միջազային գործուղումները։ Ընդդիմադիր խմբակցությունն այդ քայլն իրենց պատգամավորի նկատմամբ իշխանության կողմից տարվող քաղաքական հետապնդմամբ է բացատրում։ «Բայց միջազգային կառույցից նեղանալն ի՞նչ է տալու»,- հարցրինք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ «Չեմ կարծում՝ նեղանալ-չնեղանալու խնդիր է, պարզապես «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելքի հարցը դժվարացել է, ու շատ պատգամավորներ, որ ներգավված են եղել այս կամ այն պատվիրակության կազմում, չեն կարողացել երկրից դուրս գալ: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված նրանց բոյկոտը»,- նշեց նա։
Իսկ ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ապա Թովմասյանը նշում է, որ իրենք շարունակելու են պատվիրակությունների կազմում աշխատանքը։
«Կհրաժարվենք բոլոր տեսակի այն ճամփորդություններից, որոնք ոչ թե դիվանագիտական, այլ տուրիստական նշանակություն ունեն։ Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում հաճախ խորհրդարանի հնարավորությունն օգտագործվում է այս կամ երկիր ճանապարհորդելու համար, մենք բոյկոտելու ենք նմանատիպ տուրիստական այցերը: Բայց եթե պատվիրակության կազմում հստակ ասելիք, անելիք կամ նպատակ ունենք, ապա ներկայացաված ենք լինելու բոլոր պատվիրակություններում»,- հավելեց պատգամավորը։
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է. «Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020թ. պատերազմի հետեւանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։ Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու, այդ թվում՝ նաեւ նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով, սակայն ադրբեջանական կողմը որեւէ ըմբռնում չի դրսեւորում եւ հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։ «Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան եւ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը»։