ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «ԵԱՀԿ գործող նախագահին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել եմ հատուկ զեկույց՝ բացատրական նամակով՝ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում եւ Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաեւ Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները): Հետեւաբար առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաեւ այդ խախտումների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության իրավունքների վրա:
Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ եւ այլն):
Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնավորել եմ նաեւ, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրը ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ուստի եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում՝ մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի:
Սա չի նշանակում, թե այդկերպ միանգամից որոշում ենք՝ ինչ կամ ում տարածքն է:
Դա կորոշվի հետագայում առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը: Օրինակով ցույց է տրվել, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձեւում: Իմ այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:
Ն. Հ.
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անցկացվել է ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների քաղաքական-իրավական նշանակությունը» թեմայով քննարկում: Այն իրականացվել է ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային փորձագետներ:
«Նյութը, որը ներկայացված է հետազոտության տեսքով, առանձնակի կարեւորություն է ձեռք բերում: Կարծում եմ՝ սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները, իսկ նմանատիպ քննարկումները մշտապես նպաստում են իրավահարաբերությունների եւ օրենսդրության կատարելագործմանը: Նման նախաձեռնությունը լավ առիթ է այսօր գիտական քննարկում կազմակերպելու համար՝ ներկայացնելով մոտեցումներ, տեսակետներ, քանզի դրանց բախման ու քննարկումների արդյունքում է, որ ի հայտ են գալիս նոր լուծումներ»,- ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանն ասաց, որ ներկայացված գիտական հետազոտությունը մասնաճյուղի կողմից կազմակերպված հերթական հետազոտությունն է, որի շրջանակում փորձագետների կողմից փորձ է կատարվել վեր հանել ընտրական օրենսդրությունում կատարվող պերմանենտ փոփոխությունների ու լրացումների քաղաքական-իրավական նշանակությունը, համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների հիման վրա բացահայտել առկա խնդիրները եւ ներկայացնել դրանց լուծման ուղիները. «Կայացած քննարկումները, ներկայացված առաջարկություններն ու եզրահանգումները, ինչպես նաեւ կատարված հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ ընտրական օրենսդրության արդյունավետ կիրառման եւ հետագա կատարելագործման գործում»,-ասել է Վահրամ Ավետիսյանը:
ԱՌԱՋԱՐԿ՝ ԳՇ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու առաջարկ են արել ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, որը եւս մերժել է քաղաքական իշխանության առաջարկը:
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: Մակարյանին մեղադրանք է առաջադրվել անփույթ վերաբերմունքի համար ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում եւ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Մակարյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Առաջադրված մեղադրանքը պարոն Մակարյանը գնահատում է որպես բացարձակ անհեթեթ եւ իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ՊՆ-ում եւ, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն եւ այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից եւ նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն, ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն, Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 14-ին՝ ժ.10.55-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները կառավարության շենքի մոտից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 1966 թվականին ծնված Մանվել Մանուկյանին: Ոստիկանությունում պարզվել է, որ վերջինս նշված վայրում սոցիալական խնդիրների պատճառով բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: