ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդիկ քանի դեռ չեն հայտնվել խնդրի առաջ, մի քիչ շատ չեն խորանում ու չեն հետաքրքրվում իրենց անձնական տվյալների պաշտպանությամբ: Սա համակարգային խնդիր է»,- հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ շատ դեպքերում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խնդիրներն առաջանում են այն պատճառով, որ մարդիկ ուշադիր չեն լինում իրենց անձնական տվյալներին: Նա նշել է. «Օրինակ, երբ մեկի էջը կոտրում են, այդ մարդն ու իր շրջապատը սկսում են ավելի ուշադիր լինել իրենց տվյալներին»: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ շատ դեպքերում, եթե մարդիկ զգուշանան ու հավելվածներին իրենց անձնական տվյալները չտրամադրեն, դրանք ուղղակի չեն աշխատի: Նա մանրամասնեց. «Օրինակ՝ ձեռքի ֆիթնես ապարանջաններն ասում են՝ պետք է քո հեռախոսին հետեւեմ, ասում ես՝ ոչ, ասում է՝ ուղղակի չեմ միանա: Շատ դեպքերում պարտադրում են մեզ տվյալներ տալ: Դա դեռ բարեխիղճ մրցակցության մեջ գտնվողը: Բայց հետին թվով պարզվում է, որ Ֆեյսբուքը Նեթֆլիքսին վաճառել է բոլորի նամակագրությունները, Ստարբակսին՝ քաղաքում մարդկանց բոլոր դիրքերը»:

Դիտարկմանը՝ եթե ցանկանում ենք, որ մեր անձնական տվյալները պաշտպանված լինեն, ուրեմն չպետք է արդյոք գրանցված լինենք սոցցանցերում, օրինակ՝ Ֆեյսբուքում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է. «Եթե ֆեյսբուքում երբեք չեք գրանցվել, բայց դուք օգտվում եք այլ տեղերում հավանման, տարածման կոճակներից, այդ բոլոր տվյալների հիման վրա Ֆեյսբուքը ստեղծում է ստվերային օգտատեր. արդեն քո մասին սկսում է տվյալներ մշակել»: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ամենալավ վիճակը ԵՄ տարածքում է: Այս առիթով Սամվել Մարտիրոսյանն ասել է. «Այստեղ շատ բաներ բարդացված են, շատ դժվարացված է տվյալների մշակումը: Եթե ԵՄ-ից դուրս ես, լուրջ խնդիրներ են առաջանում, ահռելի տուգանքներ են, այնպիսի տուգանքներ, որ մարդ քառասուն անգամ կմտածի մեյլ ուղարկելուց առաջ: Քեզ ուղղակի պետությունը կսնանկացնի, եթե դու փնթի վերաբերվես այս ամենին: Մեզ մոտ փնթիությունն է, օրենքները նորմալ են: Երբ ամեն ինչի հանդեպ փնթիություն է, ու կողքից էլ՝ մուննաթ, դա դառնում է շատ վատ բան»:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ անձը պետք է իմանա, որ իր տվյալները հանրայնացվել են: Այս առիթով Սամվել Մարտիրոսյանը պատմեց. «Վարկային կազմակերպության մեյլերից արտահոսք էր եղել. մի քանի հարյուր անձնագրերի սքաններ էին: Դա այսօր առցանց նույնականացման ձեւ է. մարդուն ասում են՝ անձնագիրդ ուղարկիր, դու էլ հետը նկարվիր, որ դեմքդ նույնականացնենք, եւ դա թույլ է տալիս առցանց վարկեր վերցնել: Մի քանի հարյուր մարդիկ տուժել են այդ պատճառով կամ կարող էին տուժել, որ իրենց անունից վարկ վերցնեին: Ոչ ոք չի ծանուցել այդ մարդկանց»: Սամվել Մարտիրոսյանը նաեւ վտանգավոր իրավիճակ է համարում օդանավակայանում անձանց քովիդ թեստերի հանձնման համար անձնագրային տվյալներ վերցնելը:

Նա հավաստիացրել է, որ անձնական տվյալները ժամանակի ընթացքում ավելի թանկ են դառնում, ու պարզաբանեց. «Անձնական տվյալները միայն հեռախոսի համարը, անուն, ազգանունը, հասցեն չեն: Հիմա տվյալներ են, թե ես որտեղ եմ օրվա ընթացքում գտնվում, այդ տվյալները Ֆեյսբուքը, Գուգլը հավաքում են, հետո, օրինակ, վաճառում են, դրա հիման վրա հասկանում են մարդիկ, թե որտեղ կարելի է սրճարան բացել եւ այլն: Հիմա արտադրում ենք ահռելի քանակի անձնական տվյալներ, որոնք նախկինում գոյություն չունեին: Արդեն շատերի մասին կարելի է իմանալ՝ ինչ են ուտում, քանի որ ծրագրերին պատմում են, թե իրենք ինչ են կերել, որ ծրագրերը որոշեն, թե քանի կիլոկալորիա են ծախսել: Շուտով սառնարաններն էլ կկպցնենք ինտերնետին. դա շատ արագ կլինի: Արդեն շատ տեղեր իրականացվում է: Մեքենաներն էլ են ինտերնետին կպած»:

Ն. Պ.

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱԼԱՆՔԸ՝ ԱՆՓՈՓՈԽ

Նոյեմբերի 9-ից Տավուշի մարզի Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ, «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ  314-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքը»)։ Հ. Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում։ Այդ  դատաքննությունը պետք է վարեր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, Բերդ քաղաքի բնակիչ Զոյա Զաքինյանը, սակայն վերջինս, նկատի ունենալով, որ իր եւ Հ. Մանուչարյանի որդիները ընկերներ են, եւ  այդ մասին խոսակցությունները տարածվել են Բերդ քաղաքում, ինքնաբացարկ է հայտնել։ Քրեական գործի վարույթը փոխանցվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանին, որը նույնպես ծագումով Բերդ քաղաքից է։ Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ  դեկտեմբերի 8-ին դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է կալանքը՝ որպես Հ. Մանուչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց թողնել անփոփոխ, սակայն դեռեւս որոշում չի ընդունել այդ քրեական գործով դատաքննության օր նշանակելու համար։ Պաշտպան Ա. Թամրազյանն ասաց, որ Հ. Մանուչարյանը պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին ամսական երկու անգամ թույլատրվում է տեսակցել նրա հետ։

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

2021թ. օգոստոսի 18-ին  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան»  մասնաճյուղի տնօրեն Արտակ Լյովայի Հարությունյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի՝ վերջինիս 2021թ. հունիսի 25-ի թիվ 258-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իրեն  աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի  ժամնակահատվածի համար միջին աշխատավարձի գումար բռնագանձելու պահանջով։  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը նոյեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում կայացած նախնական դատական նիստում որոշում է ընդունել նշված քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջեւ բաշխելու վերաբերյալ։

Ոսկան Սարգսյան

Տավուշ

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է՝ այս դպրոցը չի ջեռուցվում, իսկ աշակերտները դասերին նստում են վերարկուներով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դպրոցի սաների ծնողները բողոքի ակցիա են անցկանցում՝ պահանջելով ջեռուցել դպրոցը: Սա դեռ ամենը չէ. դպրոցի շենքը վթարային վիճակում է գտնվում: Ծնողները մտահոգված են, ասում են, որ շենքը կփլվի երեխաների գլխին: Ի դեպ, այս խնդրի մասին նրանք արդեն երկու տարի է, ինչ ահազանգում են, եւ եթե այս տարի հարցը չլուծվի, երեխաներին պարզապես դպրոց չեն բերի:

 

ArmLur.am-ը խնդրի շուրջ դիմեց ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Պարզվեց՝ բարձրաշենցի ծնողներն այս խնդրի մասին ահազանգել են նաեւ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

«Խնդրի մասին տեղյակ եմ, քանի որ ահազանգ եմ ստացել, որ Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում դպրոցահասակ երեխաները ստիպված են վերարկուներով եւ գլխարկներով անցկացնել դասը: Ինձ դիմած բնակիչները նաեւ նշում էին, որ դպրոցում ուսուցումը խիստ վտանգավոր է շենքի վթարայնության պատճառով, եւ որ ամեն պահի առկա է փլուզման վտանգ: Անվտանգային խնդիրներին զուգահեռ մարդիկ բարձրացնում էին նաեւ դպրոցում տարրական կենցաղային պայմանների բացակայության հարցը: Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետի հետ: Վերջինս նշել է, որ դպրոցը ստացել է 4-րդ կարգի վթարային աստիճան, եւ բազմաթիվ դիմում-բողոքներից հետո կառավարությունը դպրոցի վերանորոգումը ներառել է 2022թ. համապատասխան ծրագրում։ Այս պահին մասամբ վերանորոգվել են հոսանքալարերը, որպեսզի ձմռանը հնարավոր լինի էլեկտրական տաքացուցիչներով ջեռուցել դասասենյակները»,- իրավիճակը ներկայացրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա խոստացավ հետեւողական լինել այս հարցում. «Երեխաների իրավունքները մեր երկրում պետք է լինեն պաշտպանված»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս