Դեկտեմբերի 9-ին ArmLur.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի չեղարկված մենահամերգից տուժած քաղաքացիները պահանջում են ետ վերադարձնել նախապես գնված տոմսերի գումարները: Երեկ մեր խմաբագրություն է դիմել AVN ընկերության ներկայացուցիչ Վիկտորիա Մայիլյանը, ում քաղաքացիները մեղադրում են խաբեության մեջ:
Բանն այն է, որ վերջիններս դեռեւս 2019 թվականի հոկտեմբեր ամսին ձեռք են բերել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի մենահամերգի տոմսեր, որը պետք է կայանար 2020 թվականի ապրիլի 7-ին, սակայն կորոնավիրուս համավարակի պատճառով համերգը չի կայանում եւ հետաձգվում է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 2-ը, սակայն ինչպես պնդում են տուժածները, այդպես էլ մենահամերգը տեղի չունեցավ. կազմակերպող AVN ընկերությունը պատճառաբանել է, թե երգիչը կորոնավիրուսով հիվանդ է, այդ իսկ պատճառով համերգը չի կարող կայանալ:
ArmLur.am-ի հետ զրույցում AVN ընկերության ներկայացուցիչ Վիկտորիա Մայիլյանը, անդրադառնալով քաղաքացիների մեղադրանքներին եւ դժգոհություններին, ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ մեղադրանքների արձագանքը ճիշտ է դատարանում ցույց տալ, քանի որ միշտ գտնվում են մարդիկ, որ մարդկային լեզու չեն հասկանում եւ ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնատու: Ինչ վերաբերում է մենահամերգին, այն տեղի է ունենալու 2022 թվականի գարնանը, որի մասին նախապես կհայտարարվի, իսկ համերգի տոմսերը մնում են ուժի մեջ կամ տոմսերի գումարի սահմաններում կարող են փոխանակել որեւէ այլ ընկերության դրած համերգի հետ. այդ հնարավորությունը կա: Համերգը պետք է կայանար մեր բոլորիս կողմից սիրված Հայկոյի հուղարկավորության երկրորդ օրը նույն դահլիճում, ինչից ելնելով՝ որոշում կայացվեց, որ համերգը կհետաձգվի: Իսկ ինչ վերաբերում է բողոքող քաղաքացիներին, կարող եմ ասել, որ մենք շատ շնորհակալ ենք մեր հանդիսատեսից, որի մեծ մասը հասկանալով մոտեցան խնդրին, իսկ մի քանի հոգու հետ, ովքեր տոմսերը գնել են Ֆիլհարմոնյայի տոմսարկղից, պարզապես կոնտակտ չունենալու պատճառով կապ հաստատել չենք կարողացել: Իսկ պարոն Էդուարդ Թոփչյանին մեծ հարգանքով ենք վերաբերվում, բայց կորոնավիրուսից առաջ նա չի ղեկավարել ֆիլհարմոնիկը, եւ պայմանագիրը կնքվել է նախկին տնօրինության հետ, եւ բնական է, որ նա չի ճանաչում: Ես նորից եմ ուզում ընդգծել, որ համերգը հետաձվել է կորոնավիրուս համավարակի պատճառով»:
Նշենք, որ մեզ դիմած քաղաքացիները դեռեւս 2019 թվականի հոկտեմբեր ամսին ձեռք են բերել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի մենահամերգի տոմսեր, որը պետք է կայանար 2020 թվականի ապրիլի 7-ին, սակայն կորոնավիրուս համավարակի պատճառով համերգը չի կայանում եւ հետաձգվում է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 2-ը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։ Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի եւ խորհրդատուի, հրավիրել եւ ընդունել են ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը եւ տեղակալ Լուսինե Իգիթյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900թ. կառուցված բաղնիք, որի ամրակայման, նորոգման եւ վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է, 1664թ. կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ.), Ծիրանավոր (5-րդ դ.), Սպիտակավոր (13-րդ դ.) եկեղեցիներ եւ Պ. Պռոշյանի տուն-թանգարան տեղում ծանոթանալու հուշարձաններին, ծառացած խնդիրները քննարկելու եւ դրանց հնարավոր լուծումները գտնելու նպատակով։
Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը, դրանց տեխնիկական վիճակը վերականգնումից հետո եւ քննարկել պահպանության հետագա խնդիրները։ Այցի արդյունքները կամփոփվեն փորձագետի տրամադրած փորձագիտական եզրակացությամբ։
Հանդիպման ավարտին Ն. Միխայլովի՝ որպես փորձագետ-խորհրդատուի հետ որմնանկարների վերականգնման բնագավառում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետագայում եւս օժանդակելու եւ աջակցելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:
ՍԱԿԱԳԻՆՆ ԻՋԵՑՎԵԼ Է
«Յունիբանկ»-ն իրավաբանական եւ ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Սահմանվել են հետեւյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից եւ արժույթից.
l իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
l ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:
«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը եւ ազգային տնտեսության զարգացմանը: Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝ «Յունիբանկ»-ն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր եւ միջին բիզնեսի համար»,-նշեց «Յունիբանկ»-ի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով «Յունիբանկ»-ը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) եւ այլն:
ՏԻՏՂՈՍԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ
Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին (48-7-2) իր տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կանցկացնի Օսթին Ուանդերֆորդի դեմ (11-0) փետրվարի 25-ին Դուբլինում անցկացվելիքի Bellator-ի մրցաշարում. հաղորդում է Armenia MMA-ն: Հիշեցնենք, որ 36-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքի Mohegan Sun մարզապալատում տեղի ունեցած Bellator 264 մրցաշարի գլխավոր մենամարտում։ Հայ մարտիկը մրցել էր 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի հետ եւ երրորդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով: Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ներկայացնում է Հայաստանն ու Նիդերլանդները։
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ճանաչվել է 2021թ. աշխարհի լավագույն բռնցքամարտիկ՝ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով։ Այս տարի Ալվարեսը պաշտպանեց WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը թուրք Ավնի Յիլդիրիմի հետ մենամարտում։ Բացի այդ, նա նվաճեց WBO վարկածով տիտղոսը բրիտանացի Բիլի Ջո Սոնդերսի հետ մենամարտում։ IBF վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտում ամերիկացի Կալեբ Պլանտին հաղթելու շնորհիվ էլ Սաուլ Ալվարեսը նվաճեց սուպերմիջին քաշային կարգում (76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։