Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետեւանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել եւ հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն։ ՏԻՄ օրենքի հոդված 73-ի համաձայն՝ եթե որեւէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի կարող միայնակ ստանձնել կառավարումը, եւ կառավարությունը պարտավոր է 7-օրյա ժամկետում նոր ընտրություն նշանակել։ Իսկ ինչու՞ նրանք այդպես վարվեցին. Վեդիում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, հավաքել էր ամենաշատ ձայները՝ 8668 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի առաջնորդությամբ, երկրորդն էր՝ 7706 ձայնով, իսկ Փաշինյանի աջակից Արամ Զավենիչի կուսակցությունը ստացել էր 3346 ձայն: Չունենալով 50 %+1 ձայն՝ ուժերից եւ ոչ մեկը չէր կարող միայնակ ստանձնել քաղաքի կառավարումը: Թվում էր, թե Փաշինյանի ու Զավենիչի միջեւ կոալիցիա կկնքվի, ինչպես արվում է բազմաթիվ համայնքներում, սակայն Զավենիչի կուսակցության ցուցակը գլխավորած Գարիկ Հակոբյանի շուրջ կոալիցիա այդպես էլ չկազմվեց: 7 օր անց կլինեն նոր ընտրություններ, ինչն իր հերթին նոր ծախս է ենթադրում՝ քվեաթերթիկների տպագրություն, հանձնաժողովի անդամների վարձատրություն, կազմակերպչական այլ աշխատանքներ… Կարճ ասած, յուրաքանչյուր ընտրություն ծախս է առաջին հերթին պետբյուջեի վրա, եւ սա նշանակում է, որ իշխանոթյան քմահաճույքները կամ պարտությունը նաեւ ֆինանսական հետեւանքներ են ունենալու բոլոր քաղաքացիների համար: Հավելենք, որ քանի դեռ նոր ընտրություններ նշանակված չեն, հստակ չէ, թե որքան գումար է այն կազմելու, սակայն նախորդ ընտրությունների թվերի ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մոտ 8-10 մլն դրամ է ծախսվելու մեկ համայնքի ընտրության կազմակերպման համար:
Թեեւ Երեւանի համայնքապետի ընտրություներին դեռ տարիուկես ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են քաղաքապետի թեկնածուների անուններ շրջանառել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ: Քաղաքապետի ընտրության մասին խոսակցություններն ակտիվացել են նաեւ Հայկ Մարությանի նկատմամբ իշխանության կողմից սկսված անվստահության գործընթացից հետո: Թե ով կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ապագա ընտրությունների ժամանակ, հստակ չէ։ Անհայտ է նաեւ, թե հետագայի համար ինչ ծրագրեր ունի Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս պաշտոնում ի սկզբանե կուսակցության համահիմնադիր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելայնի թեկնածությունն է դիտարկվել, բայց Ռուբեն Վարդանյանը, ում անունը կապվում է վերանոշյալ կուսակցության հետ, հավանություն է տվել նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի թեկնածությանը: «Որպես կին հասարակական գործիչ, Արցախում որոշ ժամանակ աշխատած պաշտոնյա, ապագայում, ինչու ոչ, որպես Երեւանի կին քաղաքապետ, Վարդանյանն ավելի նպատակահարմար է գտնում այդ աթոտին Թանդիլյանին տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի կամ Մանե Թանդիլյանի հետ, նրանք սակայն մեր թե՛ հեռախոսազանգերն անպատասխան թողեցին, թե՛ հաղորդագրությունները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նրանք լրատվամիջոցների հետ պարզապես չեն շփվում: Բայց եթե մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, ապա կարող են գոնե կուսակցության մամուլի քարտուղար նշանակել։
Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է: Ի դեպ, Armlur.am-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում: Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։
Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա 10 ամիսներին բնական հավելաճը կազմել է 3146, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 4 հազար 627 էր, 2019թ.՝ 8 հազար 307: Եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198, եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157: Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 10 ամիսների ընթացքում մահացել է 27 հազար 136 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 25 հազար 520 էր, 2019թ.` 21 հազար 603: