2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Նման որոշում կայացվել է կառավարության նիստի ընթացքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների չափերը եւս կավելանան։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կսահմանվի 43 հազար դրամ՝ 40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն, եւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն:
«Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 30 հազար դրամ կսահմանվի՝ 27 հազար դրամի փոխարեն»,-նշել է Մկրտչյանը: Ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 հազար դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:
Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նույնպես կբարձրանա` դառնալով 28 հազար 600 դրամ՝ 26 հազար 600 դրամի փոխարեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է որ երջանիկ չեն այն չափերից, որոնցով բարձրացնում են կենսաթոշակները, բայց երբ նայում են եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է: «Արձանագրենք հետեւյալը. կենսաթոշակը մեր ծախսային ամենամեծ հատվածներից է։ Իհարկե, կենսաթոշակների շարունակական բարձրացումը մեր պարտավորությունն է, բայց, մյուս կողմից, ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ եւ առավել զարգացող տնտեսություն ունենալու մեջ։ Նվազագույն կենսաթոշակները ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց այս տարվանից, օրինակ, գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում»,-նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ կրթության եւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտում իրենց արած ներդրումները շղթայական կերպով բերելու են այնպիսի արդյունքի, որը հնարավորություն կստեղծի ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալու համար:
Ն. Պ.