Ինչպես հայտնել էր Armlur.am-ը, իշխանությունը Երեւանի ավագանու միջոցով առաջիկայում փորձելու է անվստահություն հայտնել Մարությանին՝ փորձելով ցույց տալ, թե քաղաքապետը նորմալ չի աշխատում, լիազորությունները կատարելիս թերանում է եւ այլն:
Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ մեկնարկել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացը, եւ նախագիծն արդեն պատրաստ է։ Նշենք, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից, նախնական տվյալներով, 39-ն արդեն կա:
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եւ զարգացող իրադարձությունների ֆոնին վերջինիս իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում երբեմնի դերասան գործընկերները:
Այսպիսով, ArmLur.am-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:
Մեզ հետ զրույցում դերասան Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ այս երեք տարիների ընթացքում քաղաքի վիճակը բավականին բարելավվել է, եւ դա ակնհայտ է:
«Հայկ Մարությանը պոզիտիվ, աշխատասեր մարդ է: Հայկի՝ քաղաքապետ լինելու ժամանակ մեր թաղամասը շատ գեղեցիկ նորոգել են, եւ դա հենց նրա շնորհիվ է եղել: Ես այս պահին զբաղված եմ նոր նկարահանումներով եւ կարող եմ վստահ ասել, որ Երեւան քաղաքում չկա նման սիրուն բակ»,-նկատեց դերասանը:
Իսկ, ահա, դերասան Ռաֆայել Երանոսյանի խոսքով՝ Հայկի ցանկացած աշխատանք տեսանելի է քաղաքում:
«Հայկոյի աշխատանքից թե՛ որպես ընկեր, թե՛ որպես գործընկեր, քաղաքապետ շատ գոհ եմ, ինչը միայն իմ կարծիքը չէ, դա բոլորն են տեսնում: Ճիշտ է՝ բացթողումներ կան, բայց, կարծում եմ, դա ժամանակի հարց է, եւ ամեն ինչին ժամանակ է պետք. Մոսկվան էլ մեկ օրում չեն սարքել»,-ասաց նա:
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը այս առթիվ հանդես է եկել բավականին սուր գրառմամբ. «Բա մարդ 3 տարում այդքան գործ կանի՞։ Աղբի հարցերը կլուծի՞, 500 – ից ավել ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ կբերի՞, ապօրինի շինություններ կքանդի՞, 500 վերելակ կփոխի՞, կանաչապատման հարց կլուծի՞, այգիներ կբացի՞, մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներ կսկսի՞։ Բա ամոթ չի՞։ Իհարկե անվստահություն է ներշնչում։ Բա մենք դրան արժանի ե՞նք։ Ո՜՜՜չ»։
Հայկ Մարությանի մտերիմ ընկեր, դերասան Աշոտ Մելոյանը, ում հետ Հայկ Մարությանը նկարահանվել է «Կարգին հաղորդման» մեջ, անդրադառնալով թեմային, նշեց. «Հայկ Մարությանին չեմ հանդիպում։ Ինքը իր գործունեությունը պատշաճ կատարում է: Մնացածը ինքը գիտի»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾԱՄՈՐԻ ՈՍԿԻՆ». ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Մեծամորի ոսկին» ցուցադրությանը ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։
Այն ներառում է ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ եւ այլ արժեքավոր ցուցանմուշներ։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաեւ ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։
Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 28 000 առարկա, որից 8500-ը ներկայացված է հիմնական ցուցադրությունում: Այն ընդգրկում է էնեոլիթի (պղնձաքարի) դարաշրջանից` մ.թ.ա V-IV հազարամյակներից մինչեւ ուշ միջնադար` 17-18-րդ դարերը եւ, ըստ ցուցափեղկերի, հանգամանորեն ներկայացնում է հնագույն բնակատեղիի, ապա նաեւ Հին Արեւելքի ու հատկապես Հայկական լեռնաշխարհի կարեւորագույն քաղաքատեղիներից մեկի ռազմաքաղաքական, տնտեսական, առեւտրական, սոցիալ-մշակութային պատմությունը: Թանգարանում ցուցադրվում է նաեւ ուշ բրոնզե դարի դամբարանի վերակազմություն:
Թանգարանի հատուկ զետեղարանում ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից, սարդիոնից, մածուկից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ: Մեծամորի հնավայրից են հայտնաբերվել եւ թանգարանի հատուկ զետեղարանում է ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը:
ՎՆԱՍՎԱԾՔԻՑ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Պեդրին ու Անսու Ֆատին կհասցնեն վերականգնվել մինչեւ «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը. հաղորդում է Mundo Deportivo-ն։ Պեդրին վերականգնվում է ազդրի քառագլուխ մկանի վնասվածքից, Ֆատին՝ ծնկատակի ջլի վնասվածքից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, Պեդրին 4 խաղում գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ «Մալյորկա»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 2-ին։
ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ
Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի տրանսֆերները միջնորդներն առաջարկել են Թուրինի «Յուվենտուսին»: Տրանսֆերները հնարավոր կլինեն, եթե ֆուտբոլիստները համաձայնեն աշխատավարձի կրճատման, քանի որ անգլիական Պրեմիեր լիգայի աշխատավարձերի միջին չափն էլ բարձր է Իտալիայի Ա Սերիայի համար։ Transfermarkt-ը 26-ամյա Մարտիալի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, 32-ամյա Օբամեյանգինը՝ 25 միլիոն եվրո։
ՀԱՅՏ Է
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար: Տղամարդկանց հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռեւս հստակեցված չէ: 2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան Հայաստանի տղամարդկանց մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականները: Տղամարդկանց մինչեւ 16 տարեկանների c դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ մինչեւ 18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը Սան-Մարինոյում: Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչեւ 16 տարեկանների (C դիվիզիոն) եւ մինչեւ 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:
Կանանց մինչեւ 16 տարեկանների c դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը (մրցավայրը դեռեւս հայտնի չէ), իսկ մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: