«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ:
-Պարո՛ն Խաժակյան, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ իշխանություններն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել: Դուք հայտարարել եք, որ չեք միանում: Ի՞նչ է սա, Ձեր գնահատմամբ, վրեժխնդրությո՞ւն, ուղղակի ինչ-որ քա՞յլ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:
-Կարծում եմ՝ պատճառները հստակ հայտարարվեց, եւ որքան էլ մենք կիսենք կամ չկիսենք, այդուհանդերձ դրանք հստակ են, եւ պատճառաբանությունը քաղաքական է եւ վերաբերում է Մարությանի թե՛ կուսակցական պատկանելիությանը, թե՛ իր երբեմնի քաղաքական թիմին սատարել-չսատարելուն: Շատերի համար սա ընկալելի փաստարկ չէ քաղաքապետին փոխելու համար: Երեք տարի հետեւելով եւ վերահսկելով քաղաքապետի գործունեությունը՝ ես իմ կարծիքին մնում եմ, որ «Իմ քայլը» այս երեք տարիների ընթացքում թերություններն ու բացթողումները ինքնուրույն չէր նկատում, ու սպասեց քաղաքական պատճառաբանություններին, որպեսզի այսօր գա այս տեսքով:
-Դուք ինքներդ էլ ասացիք, որ սա քաղաքական քայլ է, բայց եթե ամեն հարց նման ճանապարհով լուծվի, ապա ո՞ւր մնացին համայնքային, կառավարման շահերը, ինչու ոչ, նաեւ պետական շահերը: Ո՞ւր է տանում այս ճանապարհը:
-Մենք պետք է հիշենք, որ այս ընտրությունները համամասնական տրամաբանության մեջ են ընթացել, եւ քաղաքապետը, որպես այսպիսին, առաջնային մանդատ չի ունեցել: Ավելին, մենք հիշում ենք՝ այս ժամանակահատվածում ընտրությունները վերածվել էին վստահության հանրաքվեի, եւ այդ ձայները Մարությանի հետ ուղիղ որեւէ կապի մեջ չէին մտնում: Անշուշտ, նրա վարկանիշը հիմա բավականին բարձր է: Ես իշխանության կատարած քայլը բացատրում եմ նրանով, որ երեք տարի շարունակ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը իրենց փեշերն էին փռել Մարությանի վրա՝ թերացումները քողարկելով:
-Պաշտոնյաներից մեկը նշում էր, որ Հայկ Մարությանը անհաղորդ է պաշտոնյաների հեռախոսազանգերին, ուղղակի չի պատասխանում: Ձեր շփումներն ինչպիսի՞ն են:
-Դա միանշանակ այդպես է: Բոլորին է հայտնի, որ Մարությանն իր աշխատանքային գործունեության մեջ բավականին փակ է: Քաղաքապետարանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մարությանն աշխատանքի է գալիս 12-ին, ցերեկը շուտ գնում, բոլորը գիտեն, որ ինքն իր ամբողջ արձակուրդը եւ դեռ մի փոքր էլ ավել սպառել է, ուստի այս առումով ես չեմ կարծում, որ նա ժրաջան աշխատող քաղաքապետ է: Այլ բան է, որ վերելակները տեղադրվեցին, ավտոբուսները շահագործվեցին, ու, առհասարակ, իր հանրային իմիջը տեսանելի գործողությունների վրա էր հիմնված, որոնք գրավեցին քաղաքացիների սրտերը: Բնականաբար, քաղաքացիներն իրենք իրենց հարց են տալիս, թե այդ ինչպես նախկինում համայնքային բյուջերով ավտոբուսներ ձեռք չէին բերվում, հիմա ձեռք են բերվում: Նրանք մտածում են՝ ուրեմն սուպերկառավարում է իրականացնում Մարությանը: Իրականում այստեղ գաղտնիք չկա. նույն բյուջեն է, նույն ծավալները, պարզապես այն աշխատանքները այլ քաղաքային տնտեսության բացադրիչերի, որոնք պետք է կատարվեին, դրանք չեն կատարվել, եւ կուտակված գումարներով գնվել են վերելակներ, ավտոբուսներ: Այս իմաստով ես այստեղ փայլուն կառավարման օրինակ չեմ տեսնում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ՝ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ
Կրիպտորաժույթների (Bitcoin, Tether, Ethereum եւ այլն) ոլորտը դինամիկ զարգանում է: Աշխարհի տարբեր պետություններում տարբեր կերպ են վերաբերվում կրիպտոարժույթներին: Որոշ երկրներում դրանք համարվում են ապրանք (Կանադա), մյուսներում՝ մասնակի վճարային միջոց (Ճապոնիա(sad)), Գերմանիայում հանդես է գալիս որպես մասնավոր փող: Մի շարք երկրներում դեռ չկան իրավական կարգավորումներ, իսկ մի քանիսը այն համարում են օրենքից դուրս: Փաստորեն, ոլորտը դեռ դինամիկ կարգավորման գործընթացի մեջ է:
ՀՀ-ում ոլորտը կարգավորված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ առանձին պետական մարմիններ, հատկապես՝ Կենտրոնական բանկը, մինչեւ 2018թ. մի քանի անգամ հորդորել է զերծ մնալ կրիպտոարժույթով գործարքներից՝ հաշվի առնելով դրանց նորությունը, հասարակության քիչ տեղեկացվածությունը ոլորտից, փոխանցած գումարների վերադարձի անհնարինությունը եւ այլն:
Եթե ընդհանրացնենք, ապա ՀՀ-ում կրիպտոարժույթը չի համարվում թվային փող, կենտրոնական բանկն էլ չի ճանաչում եւ կարգավորում ոլորտը: Այնուամենայնիվ, ոլորտի զարգացումն ու կրիպտոարժույթի կիրառումը երկրում արգելված չէ, այսինքն՝ թույլատրվում է, սակայն հնարավոր հետեւանքները կրում է օգտագործողը: Երկրում կան ակտիվ գործող մայնինգ-ֆիրմաներ եւ անհատ մայնինգով զբաղվողներ։ Բնական է, որ եթե երկրում մայնինգ է կատարվում, ակտիվ կիրառվում են բլոկչեյն տեխնոլոգիաներն, ու շրջանառվում է կրիպտոարժույթը, պահանջ պետք է լիներ նաեւ կրիպտոարժույթից ֆիզիկական դրամ և հակառակը կատարվող գործարքների համար փոխանակման կենտրոնների ձեւավորումը: Առաջիններից մեկը ՀՀ-ում ձեւավորվեց TETChange ընկերությունը (https://tetchange.com/), որն սկսեց իր ծառայությունները մատուցել դեռ 2015 թվականից: Գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունն իր նկատմամբ ձեւավորած վստահության եւ պրոֆեսիոնալիզմի արդյունքում ստեղծեց գործընկերների եւ հաճախորդների լայն շրջանակ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում: Արդյունքում ԱՊՀ մի շարք պետություններում (Բելառուս, Վրաստան, Ղազախստան եւ այլն) ընկերությունը հիմնեց իր մասնաճյուղերը:
Ընկերությունը իր գործունեության տարիների ընթացքում ստացել է հազարավոր դրական կարծիքներ, հաճախորդի վստահության բարձր գնահատականներ, որոնք հեշտությամբ կարելի է գտնել ոչ միայն համացանցում, այլեւ լսել ծառայությունից օգտված հաճախորդներից: Գործում է հաճախորդների հետ հետադարձ կապի ակտիվ համակարգ. ոչ մի դիմում անպատասխան չի մնում:
ՀՀ-ում կրիպտոարժույթը ակտիվ շրջանառվում է, ստեղծվում, փոխանակվում:
Ն. Հ.
ԻՆՉՊԵ՞Ս ԱՎԱՐՏՎԵՑ ԱԺ-Ն
Դեկտեմբերի 16-ին ավարտվեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանը: Այն, իհարկե, առանձնացավ առաջին հերթին պատգամավորների վեճերով, ծեծկռտուքներով, արտառոց իրավիճակներով: Այս ամենի հետ մեկտեղ նստաշրջանի ընթացքում ընդունվեցին մեծ թվով նախագծեր, որոնք հիմնականում ներկայացված են եղել կառավարության կողմից: Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նստաշրջանի կողմից ամբողջությամբ քննարկվել եւ ընդունվել է 129 նախագիծ: Դրանցից միայն երեքն է ներկայացվել պատգամավորների կողմից: Օրինակ՝ դրանցից մեկը ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթն էր՝ ներկայացված ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Իսկ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը ներկայացրել էին ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծ, որը տեղավորվում է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների դեմ պայքարի կոնտեքստում: Մյուս նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին էր: Մյուս բոլոր նախագծերը ներկայացված են եղել կառավարության կողմից: Այս պահին առկա է օրակարգում ընդգրկված եւս 30 նախագիծ, որոնք արդեն կքննարկվեն հաջորդ տարի, իսկ օրակարգում չընդգրկված նախագծերի թիվն այս պահին 63 է:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԿԹԱՆԿԱՆԱ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ին կվերանայվեն սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները: Այս մասին հայտարարությունը հրապարակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի սեպտեմբերի 25-ից սկսած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Այս պատճառով առաջարկվում է վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ որոշում կայացվեց նաեւ խմելու ջրի սակագինը բարձրացնել. հունվարի 1-ից բնակիչները խմելու ջրի մեկ խորանարդ մետրի համար վճարելու են 200 դրամ, այնինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականից խոստացել էր, որ մինչեւ 2024 թվական խմելու ջրի սակագինը չի բարձրանալու։ 2024 թվականին դեռ շատ կա, իսկ ջրի գինը մի քանի օրից բարձրանալու է 20 դրամով: