Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել էր Վրաստանի Հանրապետություն: Վրաստանի կառավարությունում երեկ տեղի է ունեցել առանձնազրույց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայացել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Վրաստանի կառավարության փոխանցմամբ` նիստի աշխատանքներին մասնակցել են երկու երկրների գործադիրների անդամները, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։
Հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, եւ ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս եւ արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Վերջին անգամ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը հանդիպել են հոկտեմբերի 9-ին Երեւանում, իսկ սեպտեմբերին Փաշինյանն էր պաշտոնական այցով Վրաստանում։ Հանդիպումներից օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով՝ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։
Էրդողանը հույս էր հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների եւ ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման վրա», – ասել է Էրդողանը:
Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, եւ որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության եւ համակեցության համար, Էրդողանն ասել է. «Եթե Երեւանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը եւ խաղաղությունը դարձնել մշտական, եւ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար»:
Իսկ այս անգամ Վրաստան այցի նախաշեմին էլ պարզ դարձավ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման միջնորդը լինելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Օրերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:
Նա կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հիշեցրել է, Հայաստանը եւ Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել եւ ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։
Չավուշօղլուն շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես՝ «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչել։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բոլոր քայլերը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։
Ն.Հ.
ՈՎՔԵ՞Ր ԿԶԲԱՂՎԵՆ
Սահմանադրական փոփոխություններով նոր խորհուրդ կզբաղվի, իսկ նախորդի գործունեությունը կասեցվել է: Նախորդը ստեղծվել էր դեռ 2020 թվականի փետրվարի 20-ին: Այսպիսով, սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի կազմը նախագահելու է արդարադատության նախարարը, իսկ կազմում լինելու են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, օմբուդսմենը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, ինչպես նաեւ առնվազն արտախորհրդարանական ուժերից 3 հոգի, որոնք, սակայն, գոնե երկու անգամ մասնակցել են ընտրությունների, եւ եւս երեքն էլ՝ քաղհասարակության ներկայացուցիչներից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ խորհուրդը վերջնական ձեւավորվելու է միայն մեկ ամիս անց, եւ այն հաստատելուց հետո խորհուրդն իր հերթին պետք է ձեւավորի հինգ մասնագետից բաղկացած հանձնաժողով, եւ հենց նրանք են զբաղվելու Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ: Թե կոնկրերտ ինչ փոփոխություններ են լինելու, եւ արդյոք կառավարման համակարգի փոփոխություն կլինի, թե ոչ, դեռ պարզ չէ: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ դեռ այս տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։ «Եվ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»,- հավելել էր նա: Սակայն ինչպես տեսնում ենք, նրա ասած ժամկետն ավարտվել է, իսկ նախագիծ չկա, եւ դեռ ավելին՝ նախորդ խորհուրդի գործունեությունն էլ կասեցված է:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 4 տրլ 450.1 մլրդ ՀՀ դրամ: 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն աճել է 6.9 տոկոսով, 2020թ նոյեմբերի 30-ի նկատմամբ` 10.2%-ով, եւ 2019թ. նոյեմբերի 30-ի նկատմամբ՝ 30%-ով: Բացի այս, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրլ 223.6 մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ ավելանալով 7.6%-ով, 2020թ. նոյեմբերի 30-ի նկատմամբ` 11.3%-ով, եւ 2019թ. նոյեմբերի 30-ի նկատմամբ՝ 32.9%-ով: ՀՀ կառավարության ներքին պարտքը կազմել է 1 տրլ 218.9 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2020թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 21.8%-ով, 2020թ. նոյեմբերի 30-ի նկատմամբ` 23.5%-ով, 2019թ. նոյեմբերի 30-ի նկատմամբ՝ 65.4%-ով: ՀՀ պետական պարտքի մեծ մասը արտաքին պարտքն է՝ միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից ստացված վարկերն ու փոխառությունները, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից ստացված գումարները։ Հայաստանի խոշորագույն վարկատուն կամ պարզապես պարտատերը Համաշխարհային բանկն (ՀԲ) է: Խոշոր վարկատուներ են նաեւ Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Օտարերկրյա պետությունների շարքում խոշոր վարկատուներն են Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան ու Ֆրանսիան:
ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանը դեկտեմբերի 21-ին կայցելի Ադրբեջան. հաղորդում է ԱզերԹաջ-ը։ Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը կանցկացնի մի շարք հանդիպումներ եւ կքննարկի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։ Նա կայցելի Ադրբեջան այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով։
ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Հայկական զորքերի դուրսբերման մասին փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախկին նախարարը եւ ՌԴ ՊՆ ղեկավարը: Մի ամբողջ տարի Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու հանրապետության պաշտպանության նախարարությունը մոլորության մեջ էին գցում հանրությանը։ Այս մասին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ մասնավորապես, հանրությունից գաղտնի են պահվել Հայաստանի Սյունիքի մարզից զորքերի դուրսբերման իրական պատճառները։ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի՝ հայկական զորքերը դուրս են բերվել։ Սա անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել ինչպես Սյունիքի մարզի, այնպես էլ ողջ Հայաստանի համար»,- հայտարարել է Գրիգորյանը։
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը Ադրբեջանի հետ համատեղ որոշումներով են համաձայնեցվելու։ «Թռիչքներ իրականացնելու առաջարկներ, կան, մի մասի թույլտվությունը կտանք»,-ասել է Չավուշօղլուն։
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 01-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արամ Խաչատրյան 20-րդ շենքում որպես հետազոտական ընկերության աշխատակից իր աշխատանքային գործառույթներն իրականացնելիս հարցումներ կատարելու նպատակով թակել է նույն շենքի 27-րդ բնակարանի դուռը, եւ Կարեն Ավանեսյանը, ով այդ ժամանակ գտնվել է նշված բնակարանում, վերջինիս դիտողություն է արել՝ նման հարցմամբ երեկոյան ժամի իր հանգիստը խանգարելու համար, եւ այդ հարցի շուրջ նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ա. Իսրայելյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Կ. Ավանեսյանի հասցեին՝ այդկերպ ծանր վիրավորելով նրան եւ նվաստացնելով վերջինիս արժանապատվությունը: