
Փարաքար համայնքի բնակիչներն այսօր փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը: Նշենք, որ այսօր Փարաքար համայնքում նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը:
Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, օրն ընտրվել է 10 ձայնով:
Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։ Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է: