ArmLur.am-ը զրուցել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, որի լիազորությունները քաղաքական իշխանությունները ցանկանում են ամեն գնով դադարեցնել: Այս տարվա ընթացքում դատավորի դեմ երեք կարգապահական վարույթ է հարուցվել:
-Տիկի’ն Նախշքարյան, այս տարվա ընթացքում երեք կարգապահական վարույթ հարուցվեց Ձեր դեմ, ինչը ենթադրել է տալիս, որ քաղաքական իշխանությունները ամեն ինչ անում են Ձեր լիազորությունները դադարեցնելու համար: Ինչո՞ւ հենց Դուք, փորձե՞լ եք այս հարցի պատասխանը գտնել Ձեզ համար:
-Իրականում, վերջին ժամանակահատվածում կարգապահական վարույթներ են հարուցվել ոչ միայն իմ, նաև բոլորին հայտնի, իրավաբանական շրջանակներում և դատական համակարգում բարձր հեղինակություն վայելող այլ դատավորների նկատմամբ։
Ինչ վերաբերվում է ինձ, ապա իմ նշանակման պահից՝ 2013 թվականից ի վեր, տարեկան կտրվածքով իմ կողմից քննվել է 1200-ից մինչև 1500 քաղաքացիական գործ, արբիտրաժային դիմում և վճարման կարգադրություն՝ ընդհանուր առմամբ 12 000-ից ավել վարույթ և այդ ողջ ժամանակամիջոցում իմ նկատմամբ որևէ կարգապահական վարույթ չի նախաձեռնվել։
Սույն թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ակնթարթորեն հարուցվել են երեք կարգապահական վարույթներ, որոնց հիմքերի և պատճառաբանությունների սնանկությունն այլընտրանք ինձ չեն թողնում, քան մտածել, որ հայտնվել եմ գործադիր իշխանության թիրախում՝ իր համար ոչ հաճո որոշումներ կայացնելու հետևանքով։
-Կարգապահական վարույթներով կարո՞ղ են դատավորին վախեցնել:
-Այո՛։ Եվ կարծում եմ, որ վերջին ժամանակամիջոցում կարգապահական վարույթների առատության հիմնական նպատակը հենց դա է։
-Ի՞նչ է փոխվել Ձեր մեջ այս վարույթների հարուցումից հետո, վախեցե՞լ եք:
-Ես ապրել և աշխատել եմ 90-ականներին, ես տեսել եմ պատերազմ և աղետ, ողջ ազգի հուսահատություն և ողբերգություն։ Արդյո՞ք այս վարույթները կարող են ինձ վախեցնել։
-ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ԲԴԽ Նախագահ Գագիկ Ջհանգիրյանը շատ դատավորների հետ է հանդիպել, փորձել համոզել, որ իշխանություններին դեմ չգնան, ցանկալի որոշումներ կայացնեն: Ձեզ հետ փորձել են հանդիպել, համոզել:
-Ո՛չ, երբեք։
– Մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որոնց մեջ եք նաեւ դուք եւ Ձեր մտահոգությունն եք հայտնում, որ նախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. ինչ սպասելիքներ ունեք նախարարից:
-Մեր մտավախությունները և առարկությունները ներկայացվել են գործող Արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագծի շուրջ, և հաշվի առնելով հենց այդ նախագծի նախարարության կողմից վկայակոչված հիմքերը, նպատակները և փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումները՝ առանձնապես սպասելիքներ չկան։
Քնար Մանուկյան