ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են ճաղերի հետեւում. տարվա աղմկահարույց կալանավորումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո սկսվեց ձերբակալումների եւ կալանավորումների շարք: Այժմ կալանավորված են մնում նախկին պաշտոնյաներ, նախկին եւ ներկա համայնքապետեր, անգամ ներկայիս պատգամավորներ: Այսպիսով, ինչ կատարվեց անցնող՝ 2021 թվականին:

Փետրվարի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամ, բավարարեց Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավիթին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: Այս նույն գործի շրջանակներում անցնում է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը եւս կալանավորված է:

Այս տարի կալանավորումների շղթա իրականացվեց արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի անդամների հանդեպ եւ երկար ժամանակ կալանավորված էին նաեւ ներկայիս պատգամավորները:

Նրանցից է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանի պես ընտրությունների ժամանակ կալանավորված էին նաեւ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը:

Հետապնդումներ են առկա նաեւ Սյունիքի համայնքապետերի հանդեպ: Օրինակ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրված նաեւ Գորիս համայնքի ղեմավար Առուշ Առուշանյանին: Իսկ փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Սեպտեմբերի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչի որոշումը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Ըստ Հատուկ Քննչական ծառայության՝ 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականների ընթացքում զբաղեցրել է նախ գլխավոր դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս