Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հանդիպել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման ու ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ իշխանությունները օգտագործում են բոլոր հնարավորությունները գերիների վերադարձը կազմակերպելու և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լայն հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր շահագրգիռ հասարակական ու քաղաքական կառույցների, հանրության տարբեր խմբերի հետ՝ պետության համար օրախնդիր հարցերը քննարկելու և լուծումներն ուղենշելու համար: