Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59 տոկոսը՝ կանայք: Ընդ որում, Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը՝ կանայք: ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀ-ում վերջին 2 շաբաթվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգիաբանական ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում: «Մենք մոտ 1.5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ հիվանդանոցում չի հայտնվել: Եթե տվյալ պահին անմիջապես անհրաժեշտ դեղամիջոցը ներարկվում է, օգնություն է ցուցաբերվում, մոտ 1 ժամվա ընթացքում վիճակը կարգավորվում է և անձը կարող է տուն գնալ, որևէ խնդիր չի առաջանա»,- նշեց Սահակյանը:
Ընդ որում, առաջին 40 րոպեում է կյանքի համար վտանգ ներկայացնում, եթե առաջին օգնություն չցուցաբերվի, ամեն ինչ կարող է պատահել: Մասնագետները վստահեցնում են, որ բոլոր բուժհաստատություններն ապահովված են բուժառուին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով: Միեւնույն ժամանակ Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ:
Անդրադառնալով արձանագրված տվյալներին՝ Սահակյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վարակվել է առաջին դեղաչափ ստացած անձանց 1.3 տոկոսը, երկրորդ դեղաչափ ստացածների 1.2 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափը ստացածների 1.1 տոկոսը 14 օր հետո վարակվել է: Ընդ որում, պատվաստման ենթակա բնակչության 40.8 տոկոսն է ստացել առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը՝ մոտ 30 տոկոսը: