Բաքվում անկախ լրատվամիջոցները բողոքել են իրենց իրավունքների սահմանափակման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին մի խումբ անկախ լրագրողներ և վիդեոբլոգերներ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի առջև՝ հանդես գալով լրատվամիջոցների մասին նոր օրինագծի դեմ։ Մասնակիցները շենքի մոտ են տարել տապանաքարի տեսքով պաստառ, որի վրա գրված էր՝ Ազատ մամուլ:

Ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ են արել չընդունել օրինագիծն իր ներկայիս տեսքով։

«Դա գրաքննություն է, լրագրողների գործունեության սահմանափակում և նրանց աշխատանքին միջամտելու հնարավորություն, մեր սահմանադրական իրավունքների խախտում»,- ասել է ակցիայի մասնակից բլոգերներից մեկը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների խոսքով՝ իշխանություններն ութ ամիս գաղտնի պատրաստել են այդ փաստաթուղթը և առանց քննարկումների տարել խորհրդարան: Լրագրողները նշել են, որ օրինագիծը հակասում է երկրի սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

Ըստ ցուցարարների՝ օրինագիծը լրագրողներին արգելում է հետաքննություն անցկացնել, ուստի իրավունք և հնարավորություն չի տալիս բացահայտելու խախտումների և կոռուպցիայի փաստերը:




Լրահոս