Առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու, ինչպես նաև ծերացման գործընթացը գոնե մի քանի տարով հետաձգելու մասին շատերն են երազում, սակայն հաճախ առաջին կնճիռները չափազանց անսպասելի են ի հայտ գալիս: Հայտնի է, որ որքան շուտ է մարդը սկսում պայքարել կնճիռների դեմ, այնքան երկար է մաշկը մնում թարմ ու երիտասարդ: Սակայն շատերը նախապատվությունը տալիս են քիմիական տարրերով հարուստ կոսմետիկ միջոցներին՝ մոռանալով, որ կան նաև նույնքան արդյունավետ ու շատ ավելի հասանելի բնական միջոցներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն յուղերը, որոնք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունն ու խուսափել վաղաժամ կնճիռների առաջացումից:
1. Ժոժոբայի յուղ
Սա լավագույն միջոցն է աչքերի շուրջն առաջացած կնճիռներից ազատվելու համար: Այն պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ ու օգտակար ճարպաթթուներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում նուրբ մաշկի վրա:
Այս յուղը կարելի է օգտագործել որպես դիմակ, կամ մի քանի կաթիլ յուղ ավելացնել գիշերային կամ ցերեկային նրբաքսուքին: Այն անմիջապես ներծծվում է, ազատում է չորությունից և առաձգականություն ու թարմություն է հաղորդում մաշկին:
2. Գերչակի յուղ
Սա ամենահասանելի ու արդյունավետ յուղերից մեկն է, որը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է ազատվել աչքերի այտուցներից, մաշկի չորությունից ու մանր կնճիռներից: Այս յուղը կարելի է ինչպես համատեղել այլ յուղերի հետ, այնպես էլ օգտագործել որպես առանձին միջոց:
Գերչակի յուղն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում մի փոքր տաքացնել, այնուհետև մատների ծայրերով քսել մաշկին ու թույլ հարվածելով տարածել:
3. Կակաոյի յուղ
Կակաոյի յուղը պարունակում է օգտակար ճարպաթթուներ, վիտամիններ, ու տանիններ, որոնք օգնում են թարմացնել բջիջները, պաշտպանել մաշկն արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից ու կանխել կնճիռների առաջացումը: Այս յուղը հեշտ է տարածվում, արագ ներծծվում է և չի ծանրաբեռնում մաշկը, ուստի կարող է ամենօրյա սնուցող նրբաքսուքին փոխարինող հիանալի միջոց լինել:
4. Կոկոսյան ընկույզի յուղ
Կոկոսյան ընկույզի յուղը դեմքի ու մարմնի մաշկի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը սնուցում է չոր մաշկը, պաշտպանում է արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից, կանխում է կնճիռների առաջացումն ու կարգավորում է նյութափոխանակությունը:
5. Խաղողի կորիզների յուղ
Այս յուղը հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով, որոնք խնամում ու սնուցում են մաշկը: Այն առանձին օգտագործելու կամ այլ յուղերի հետ համատեղելու դեպքում կարելի է հեշտությամբ բարելավել մաշկի վիճակն ու դանդաղեցնել ծերացման գործընթացները:
Չոր մաշկի դեպքում խոևհուրդ է տրվում օգտագործել այս յուղը ժոժոբայի յուղի կամ կոկոսյան ընկույզի յուղի հետ խառնած, իսկ նորմալ ու յուղոտ մաշկի դեպքում՝ մաքուր վիճակում:
6. Կտավատի յուղ
Այս յուղը հիանալի միջոց է հասուն մաշկի համար, քանի որ օգնում է ազատվել կնճիռներից, տոնուս է հաղորդում մաշկին, խոնավեցնում է նուրբ մաշկն ու գունաբացում մուգ հետքերը և պեպենները: Օգտագործելուց առաջ կտավատի յուղը հարկավոր է մի փոքր տաքացնել, այնուհետև բամբակյա սկավառակի միջոցով քսել մաշկին: Յուղն անհրաժեշտ է թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով:
Կտավատի յուղն օգտագործելիս խորհուրդ է տրվում խուսափել աչքերի շուրջը եղած հատվածից, քանի որ այն կարող է այտուցների առաջացման պատճառ դառնալ: Այս յուղը շատ օգտակար է նաև սննդամթերքի մեջ օգտագործելու համար: Այն ուտեստներին ավելացնելը կօգնի բարելավել մաշկի վիճակը, կանխել վաղաժամ ծերացումն ու կարգավորել մարսողությունը:
7. Դեղձի յուղ
Դեղձի կորիզների յուղը հարուստ է վիտամին E-ով, որը նպաստում է մաշկի երիտասարդացմանն ու օգնում է ազատվել մանր կնճիռներից: Այս յուղի հիման վրա պատրաստված կոմպրեսներն ու դիմակները կօգնեն առաձգականություն ու թարմություն հաղորդել մաշկին և կդարձնեն այն ավելի նուրբ ու թավշյա:
Այս յուղը խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ: Այն հարկավոր է մատների ծայրերով քսել մաշկին ու թույլ հարվածելով տարածել: Բացի այդ, այս յուղը կարելի է քսել նաև թարթիչներին ու հոնքերին՝ խթանելով դրանց աճն ու կանխելով մազաթափությունը:
8. Չիչխանի յուղ
Չիչխանի յուղը ոչ միայն կանխում է մաշկի տարիքային փոփոխությունները, այլև օգնում է ազատվել խորը կնճիռներից ու բարձրացնել ծերացող մաշկի տուրգորը: Սակայն հարկ է հիշել, որ այս յուղը մաքուր վիճակում չի կարելի օգտագործել: Այն հարկավոր է խառնել որևէ այլ յուղին կամ ավելացնել դրան մի քանի կաթիլ վիտամին E:
Որպեսզի յուղը լավ ներծծվի, այն քսելուց հետո հարկավոր է մի փոքր մերսել մաշկը: Նրբաքսուքներին խառնելու դեպքում այս յուղը շատ արագ կներծծվի, չի ծանրաբեռնի մաշկն ու չի կուտակվի ծակոտիների մեջ:
9. Նշի յուղ
Նշի յուղը հիանալի բնական միջոց է չոր մաշկը խոնավեցնելու, աչքերի տակի մուգ շրջանակներից ու այտուցներից ազատվելու և մանր կնճիռները հարթելու համար: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ինչի շնորհիվ լավագույն միջոցն է ծերացող մաշկը խնամելու համար:
Նշի յուղը հարկավոր է օգտագործել պարբերաբար: Անհրաժեշտ է քնելուց առաջ այն մատների ծայրերով քսել մաշկին, այնուհետև թույլ հարվածելով տարածել: Յուղը քսելուց կես ժամ հետո խորհուրդ է տրվում մաքրել դրա մնացորդները բամբակյա սկավառակի միջոցով:
10. Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը շատ օգտակար է ոչ միայն սննդի մեջ օգտագործելու համար: Այն նաև հիանալի կոսմետիկ միջոց է, որը կօգնի ազատվել կնճիռներից, թարմացնել, խոնավեցնել ու սնուցել ծերացող մաշկը: Պարզապես հարկավոր է օրական 10 րոպե ձիթայուղով կոմպրես դնել մաշկին: