Արցախի ԱԺ նիստում ընդունված հայտարարությունը շրջադարձային է լինելու. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ազգային ժողովի վաղվա նիստում շատ կարևոր եւ շրջադարձային հայտարարություն է լինելու: Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն և հայտարարել, որ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով։

«Չեմ ցանկանում շատ մանրամասներ հայտնել, բայց կարևոր հայտարարություն է հնչելու: Արցախում որեւէ հայ այսօր չի ապրում, որ կքննարկի եւ կհամակերպվի այն մտքի հետ, որ կարող է ադրբեջանցու հետ ապրել կամ հրաժարվել իր հայրենիքից: Արցախցին գիտակցում է, որ Արցախը հայկական է եւ վերջ, այն մեծ ժառանգություն է եւ շատ կարեւոր է լինելու»:

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արցախի խորհրդարանը արձագանքելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 25-ի ասուլիսում արած հակասական հայտարարություններին։ Մետաքսե Հակոբյանը չթաքցրեց, որ վաղվա նիստն ու հայտարարության ընդունումը կապ ունի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի հետ, սակայն նաեւ ընդգծեց, որ Արցախը միշտ էլ նման դիրքորոշում է ունեցել եւ երբեք չեն պատրաստվոմ հրաժարվել իրենց ինքնորոշումից, քանի որ տերերը արցախցիներն են եւ որեւէ մեկը չի կարող գալ եւ փոփոխություն մտցնել:

Ն.Հ.




Լրահոս