ՀայՓոստը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում դեկտեմբերի 27-ին համագործակցության հուշագիր է ստորագրել ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակի՝ Վայլդբերիզի (Wildberries) հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀայՓոստի տարածած հաղորդագրությունից, հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Վայլդբերրիզ ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Ըստ հուշագրի՝ կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ Վայլդբերիզի հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում: ՀայՓոստի մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև Վայլդբերիզի ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին Վայլդբերիզի ցանցով:
Տատյանա Բակալչուկն իր խոսքում նշել է, որ ՀայՓոստը դառնում է Վայլդբերիզի ռազմավարական գործընկերը, և այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:
ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ նշել է.
«Վայլդբերիզի հետ համագործակցությունը շատ ուժեղ խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ և 2022 թ. առաջին եռամսյակում արդեն կունենանք Վայլդբերիզի հանձնման 40 կետ ՀայՓոստի բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշարագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարևոր է նաև, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշեր կկարողանան օգտվել Վայլդբերիզի ցանցի ընձեռած հնարավորություններից»:
Նախատեսվում է նաև ՀայՓոստի «iNovation» դուստր ձեռնարկության թվային լուծումների և արտադրանքի կիրառում Վայլդբերիզի ցանցում: