Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: Արդարացնելու համար պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակվելու հանգամանքը՝ ասում է, թե Պապիկյանը ԵՊՀ-ն է ավարտել, դրա համար էլ հենց այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է նշանակվել:
Նախարար Դումանյանը հորդորում է իրենց չմեղադրել բուհերը քաղաքականացնելու մեջ՝ մեկնաբանելով, թե լիազոր մարմինը՝ նախարարությունը, օրենք էր ներկայացրել, որը ենթադրում էր բացառել կառավարման խորհուրդներում քաղաքական դեմքերի նշանակումը: Օրենքը, սակայն, ավելացնում է ԿԳՄՍ նախարարը, պատգամավորները չընդունեցին, իսկ բուհերում պետք էր հապշտապ խորհուրդներ ձևավորել:
Վահրամ Դումանյանը փաստորեն, բուհերը քաղաքականացնելու մեղքը պատգամավորների վրա է բարդում: Ձեռքերը լվանում է ու մտացածին արդարացումներ ներկայացում, ինչ է թե, հանկարծ ու հանկարծ, չբարձրաձայնի Փաշինյանի ասածի ու արածի հակադրությունների մասին:
Եթե շարժվենք ԿԳՄՍ նախարարի ասածի տրամաբանությամբ, ապա օրինակ ես, որ նույնպես ԵՊՀ-ն եմ ավարտել ու ուսանողական տարիներին բավական աչքի ընկնող ուսանող եմ եղել, ի՞նչ պակաս կառավարման խորհուրդ կղեկավարեի: Սուրեն Պապիկյանը, հուսանք, ԵՊՀ-ն ՔՊ-ի «դուքյանը» չի դարձնի, իսկ պետության համար կարևորագույն ոլորտների պատասխանատու նախարարը՝ Վահրամ Դումանյանն, առավել համարձակ կգտնվի իր վերադասի ասածները կասկածի տակ դնելու ու հիմար իրավիճակում չհայտնվելու հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, դեռևս 2018-ի իշխանափոխության օրերին հայտարարում էր, թե բուհերը ՀՀԿ-ականացված են, այժմ, սակայն, նրա անմիջական թողտվությամբ բուհերը ՔՊ-ականացվում են: Իշխանության խոստումները, թե անելու են հնարավորը, որ բուհերն ապաքաղաքականցվեն ու ինքնավարություն ստանան, սին ու պաթետիկ խոստումներ էին սոսկ: Ու 2018-ից ի վեր արվել ու արվում է հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար։
Սևակ Վարդումյան