Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները, հատուկ անդրադարձ է եղել Հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։
Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու:
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման աշխատանքը: Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ, և մեր տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը»,- ասել է նախագահը:
Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից ԱՀ Կառավարության որոշմամբ 25 հազար ՀՀ դրամով բարձրացվելու են զինվորական բոլոր թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը։