Արցախում պատրաստվո՞ւմ են նշել Ամանորը. մանրամասնում է պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021-ի դեկտեմբերի վերջին օրերը փոքր-ինչ տարբերվում են 2020-ի դեկտեմբերից, երբ արցախահայերը լուռ համաձայնությամբ ո՛չ խոսում, ո՛չ էլ անգամ մտածում էին Նոր տարվա մասին: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հիշելով, որ նախորդ տարի մարդկանց շուրթերից անգամ «Նոր տարի» արտահայտությունը չէիր լսի:

Հակոբյանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտը ոչ ճոխությամբ, բայց զարդարված է,չնայած՝ նախկին շողացող Ստեփանակերտը չկա: «Մինչև պատերազմը ով եղել է նախատոնական Արցախում, գիտի, թե ինչ էր կատարվում Արցախում: Նույնիսկ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի ոչ այնքան շքեղ տոնածառը, որ արդեն քանի՜ տարի է տեղադրվում, մեծ ցնծություն էր առաջացնում: Այս տարի այդ ոգևորվածությունը չկա բնականաբար: Ընտանիքներ կան, որ զարդարում են իրենց բնակարնները, ընտանիքներ կան՝ ոչ, բայց դրանից ընդհանուր մթնոլորտը չի փոխվում: Առևտուր անում են, ամանորյա ուտելիքներ, մթերքներ, միանշանակ, գնում են, որովհետև ի վերջո մարդիկ հավաքվելու են, հարգելու են մեկը մյուսին, ավանդույթի համաձայն՝ այցելելու են կորուստ ունեցած ընտանիքներին, որ մխիթարանքի խոսք ասեն»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է պատգամավորը:

Ըստ մեր զրուցակցի՝ որևէ մեկը չի արգելել նշել Ամանորը կամ որևէ ամոթանք չի տալու Նոր տարին նշելու համար, բայց միանշանակ է՝ խանդավառութուն չկա: Իսկ տոներն այնքան ժամանակ տոն չեն լինի, հավելում է նա, քանի դեռ հայրենիքի մասնատված մասերն իրար չենք կապել ու չենք ասել՝ ներեք մեզ տղաներ:

Սևակ Վարդումյան




Լրահոս