Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։
Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ – կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր մայրաքաղաք Ստեփանակերտում։
Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։
Անդրադառնալով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր առավելագույնն է անում բնակարանային ապահովության հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքով և այլ սոցիալական երաշխիքներով ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում երկրի ղեկավարն ընգծել է, որ, իր հանձնարարականի համաձայն, Արցախի Հանրապետության բոլոր կառույցներում կադրային քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է լինելու աշխատանքի ընդունելիս տեղահանված քաղաքացիներին առաջնահերթություն տալը։