ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է փոխենք Սահմանադրությունը. Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Ավարտվում է 2021 թվականը՝
մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի,
պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:

Իմ խորին հարգանքը՝
իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:
Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:

Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:

Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ:
30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։

Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում:
Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:

Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները,
մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:

Սահմանադրության փոփոխությունը
կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը,
պետական կառույցների հավասարակշռմանը,
ավելի ճկուն ու փոխկապակցված,
ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:




Լրահոս