Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի նախկին աշխատակիցներ Ս. Մ.-ն և Ս. Ս.-ն նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող
անձի կողմից օգտագործվող՝ համացանցի հասանելությամբ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար ընդունել են կաշառք տալու առաջարկը և տարբեր ժամանակահատվածներում ստացել են զգալի չափերով՝ համապատասխանաբար 32.000 և 16.000 ՀՀ դրամի չափով կաշառք:
Նկարագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 14ին նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 2րդ մասով, իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող անձին (երկու դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով
առաջադրվել է մեղադրանք:
2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործը ՔԿՀ նշված երկու աշխատակիցների և կաշառք տվող անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Իրականացված նախաքննությամբ, ինչպես նաև դրա շրջանակներում դատախազական գործառույթների շրջանակներում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները:
Մասնավորապես, պարզվել է, որ որոշ դատապարտյալներ և կալանավորված անձինք ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում օգտագործել են համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսներ, կազմակերպել և անցկացրել են մոլախաղեր, վերջիններիս խցերի դռները մշտապես գտնվել են բաց վիճակում:
Օգտվելով դրանից, պահվող անձինք սահմանված կարգի խախտմամբ անարգել շրջել են հիմնարկի բնակելի գոտում, որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների միջոցով հիմնարկի բնակելի գոտի է տեղափոխվել Կանոնակարգով արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսներ:
Վերոնշյալը վկայում է, որ ՔԿՀ-ում պատշաճ հետևողականություն չի դրսևորվել արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների հայտնաբերման և հետագա շահագործումը դադարեցնելու ուղղությամբ, պատշաճ չի ստուգվել դատապարտյալներին և կալանավորված անձանց փոխանցվող հանձնուքները: Բացի այդ՝
տեսակցությունների ժամանակ կազմակերպվել է թերի հսկողություն, ինչի արդյունքում դատապարտյալները և կալանավորված անձինք ձեռք են բերել և տևական ժամանակ օգտագործել են համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսներ:
Բացի այդ, ակնառու է դարձել նաև, որ ՔԿՀ-ի որոշ աշխատակիցներ ոչ աշխատանքային բնույթի կապ են պահպանում դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, քանակակազմից որոշ անձանց տրվում են արտոնություններ, նրանց կողմից թույլ տրված ներքին կանոնակարգի խախտումները չեն արձանագրվում, ինչը որոշակի իրավիճակներում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորդագիր է հղվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ հետագայում ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ- ում նմանատիպ դրսևորումները բացառելու համար: Միջնորդագրով բարձրացվել է նաև խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու համար ուսումնասիրություններ անցկացնելու, խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը լուծելու հարցը՝ դրանց արդյունքների մասին հայտնելով ՀՀ գլխավոր դատախազությանը: