Դատավորները փնտրել են դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի հեղինակին, բայց չեն գտել. դատավոր Դավիթ Հարությունյանը հարիր չի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր , որ մեր տեղեկություններով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը, հիշեցնենք, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Հովակիմյանն են։

Օրենքների լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ, օրինակ, քրեական դատավարության օրենսգրքում տեղ կգտնեն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ դատական սանկցիայի նոր տեսակի՝ «իրավունքի իրականացման սահմանափակման» սահմանումը։ Նախատեսվում է նաև սահմանափակել պաշտպանից հրաժարվելու, միջնորդության, բացարկի, ապացույցների ներկայացման, բացման ու եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալու իրավունքները։

Նշված դրույթները, ըստ առաջարկվող փոփոխությունների, դատարանի կողմից կարող են սահմանափակվել դրանցից ոչ բարեխիղճ օգտվելու դեպքում։ Փաստորեն՝ օրենքի լրամշակված տարրբերակը ենթադրում է, որ այն կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի հետ, որ սահմանում է դատական պաշտպանության իրավունքը։ Կարող են սահմանափակվել նաև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով փաստաբանների կողմից կիրառվող տարբեր մարտավարությունները։

Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, ապա դրանցով նախատեսվում է, որ ԲԴԽ դատավոր անդամներին բաշխվող գործերը ներկայիս 75 %-ի փոխարեն նվազեցվելու են 95 %-ով։ ԲԴԽ-ն նոր լիազորություններ է ստանալու, օրինակ, քննարկելու է դատարանների բնականոն գործունեության հետ կապված հարցեր ու լիազորությունների շրջանակում լուծելու դրանք կամ էլ դրանց լուծման նպատակով դիմելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։

Ստացվում է՝ օրենքի լրամշակված տարբերակով Բարձրագույն դատական խորհրդին չափազանց լայն լիազորություններ են տրվելու։Սպասվող փոփոխությունների շուրջ զրուցեցինք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ, ինչի ի պատասխան վերջինս ասաց. «Հարցում նշված Նախագծի հետ կապված նախ նշեմ, որ այն դեռևս դեկտեմբերի 3-ին ուղարկվել էր բոլոր դատավորներին 5օրյա ժամկետում իբր կարծիք հայտնելու համար։ Ուղարկված փաստաթղթերում, կից գրույունում բացակայում էր հեղինակի մասին որևէ տեղեկություն։ Հեղինակին հայտնաբերելու մակերեսային ջանքերս արդյունք չտվեցին։

Հետևաբար, ինչպես շատերը, անաղբյուր կամ «Անանիմկա» փաստաթղթի մասին կարծիք չեմ հայտնել անստորագիր կամ անանուն հեղինակով նախագծերի մասին կարծիք հայտնելը կարծում եմ ճիշտ չէ, միաժամանակ պետք է նշել, որ որևէ մեկը չի կարող պնդել, թե անանուն կամ անստորագիր նախագիծը պատշաճ շրջանառվել է դատական համակարգում։ Ինչևէ քանի դեռ սրա իրական հեղինակը պաշտոնապես չի բացահայտվել չեմ պատրաստվում մանրամասն կարծիք հայտնել, այդուհանդերձ քանի որ հարցադրումը ձեր լրատվամիջոցին է հետաքրքրում, կարճ անդրադառնամ..: Ինչ վերաբերում է ԲԴԽ լիազորությունների ընդլայնմանը՝ «դատարանների բնականոն գործունեության ապահովման համար հարցերի քննարկում, լուծում, դատարանների աշխատանքի կազմակերպում, գործերի քննության տևողության որոշում և այլն, ապա սրանց մասով միայն կասեմ, որ չափազանց անորոշ են ձևակերպումները, ինչը հղի է չարաշահումների վտանգով։ ԲԴԽ–ն առանց սրա էլ շատ է զգացնել տալիս իր ներկայությունը դատական համակարգում. Սահմանադրությամբ սահմանված անկախությունը երաշխավորող մարմնից միտում ունի դառնալու անկախությունը կառավարող մարմնի։ Ուղղակի նշեմ, որ ԲԴԽ֊ի լիազորությունները ընդլայնելու մեկ ամհաջող ու հակասահմանադրական փորձ արվեց անցյալ տարի ևս, ինչը կանխվեց ՍԴ որոշմամբ։

Ինչ վերաբերում է դատական սանկցիաների մասով փոփոխությանը կամ նոր տեսակի ներառմանը՝ «իրավունքի իրականացման սահմանափակում» անվամբ, ապա, առաջին հայացքից, կարող է թվալ թե, որպես դատավորի, ձեռնտու է նման լրացուցիչ լիազորությունը՝ պաշտպանության իրավունքը սահմանափակելու առումով, բայց դա զուտ թյուր տպավորություն է։ Եթե հեղինակներն առավել արդար լինեին, նույն տրամաբանությամբ նաև դատախազների, մեղադրանքի կողմի հնարքների մասով ևս օրենքում օրինակներ կնախատեսեին, օրինակները բազմաթիվ են… մեղադրանքի անհարկի փոփոխություններ, դատակոչի լրացում, նախաքննական բացերի լրացմանն ուղղված միջնորդություններ, ոչ վերաբերելի ապացույցների ներառման պահանջներ և այլն։

Այդուհանդերձ՝ պետք է նշել, որ բոլոր ժամանակներում բոլոր կողմերն էլ՝ թե մեղադրանքի կողմը, թե պաշտպանության կողմը կիրառել ու կիրառելու են դատավարական հնարքներ և այսօրվա գործիքակազմը հմուտ և օբյեկտիվ դատավորին լիարժեք թույլատրում է դրանք գնահատել, թույլատրել, կամ սահմանափակել, իսկ եթե նման փոփոխության մասին որպես դատավոր դրական կարծիք հայտնեի, ապա դա կանեի շատ ամաչելով։ Ուղղակի հարիր չէ»:

Քնար Մանուկյան




Լրահոս