ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը, հիշեցնենք, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Հովակիմյանն են։
Օրենքների լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ, օրինակ, քրեական դատավարության օրենսգրքում տեղ կգտնեն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ դատական սանկցիայի նոր տեսակի՝ «իրավունքի իրականացման սահմանափակման» սահմանումը։ Նախատեսվում է նաև սահմանափակել պաշտպանից հրաժարվելու, միջնորդության, բացարկի, ապացույցների ներկայացման, բացման ու եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալու իրավունքները։
Նշված դրույթները, ըստ առաջարկվող փոփոխությունների, դատարանի կողմից կարող են սահմանափակվել դրանցից ոչ բարեխիղճ օգտվելու դեպքում։ Փաստորեն՝ օրենքի լրամշակված տարրբերակը ենթադրում է, որ այն կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի հետ, որ սահմանում է դատական պաշտպանության իրավունքը։ Կարող են սահմանափակվել նաև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով փաստաբանների կողմից կիրառվող տարբեր մարտավարությունները։
Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, ապա դրանցով նախատեսվում է, որ ԲԴԽ դատավոր անդամներին բաշխվող գործերը ներկայիս 75 %-ի փոխարեն նվազեցվելու են 95 %-ով։ ԲԴԽ-ն նոր լիազորություններ է ստանալու, օրինակ, քննարկելու է դատարանների բնականոն գործունեության հետ կապված հարցեր ու լիազորությունների շրջանակում լուծելու դրանք կամ էլ դրանց լուծման նպատակով դիմելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
Ստացվում է՝ օրենքի լրամշակված տարբերակով Բարձրագույն դատական խորհրդին չափազանց լայն լիազորություններ են տրվելու։
Այս փոփոխությունների մասով Armlur.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ նշելով. « Այս նախագիծը մտահոգիչ է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանության սահմանափակումների, այնպես էլ փաստաբանական գործունեության ազատ և պատշաճորեն իրականացման տեսանկյունից ։
Սանկցիան պատժիչ բնույթի գործողություն է, որը չի կարող իրականացվել մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների հաշվին։ Նման մոտեցումը վտանգում է միջազգայնորեն ընդունված և իրավական փաստաթղթերով ամրագրված գործի արդար քննության ողջ կոնցեպտը, փաստացի չեղարկում է կողմերի մրցակցության և դատավարական հավասարության սկզբունքները։
Նման օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ հիմնավորված չէ և հակասության մեջ է նաև սահմանադրական երաշխիքների հետ։
Այն բոլոր բացասական երևույթները, որոնք քննադատության էին արժանանում Խորհրդային միության ժամանաշրջանում, սույն նախագծով փորձ է արվում ամրագրել օրենսդրորեն։
Ինչ վերաբերվում է ԲԴԽ-ին լրացուցիչ լիազորություններով օժտելու հարցին, ապա ներկայումս պատկերացում կա,որ Խորհրդի հիմնական առաքելությունը կարգապահական վարույթների քննությունն է, մինչդեռ օրենսդրորեն Խորհուրդն առաջին հերթին կոչված է երաշխավորելու դատավորների անկախությունը և այն զերծ պահելու միջամտության ցանկացած գործոնից։
Յուրաքանչյուր նախաձեռնվող օրենսդրական փոփոխություն պետք է ունենա նպատակային և ժամանակագրական անհրաժեշտության հիմնավորում, որը տվյալ դեպքում բացակայում է»:
Ք.Մ.