Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Կոմիտեի տեղեկացմամբ` հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 3-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից և տեղեկացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի՝ 1993թ. ծնված բնակիչ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են երիտասարդի՝ մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 41-ամյա բնակիչ է:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հուվարի 3-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում, կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել 28-ամյա երիտասարդի և 41-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող դանակով, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս մատնացույց է արել նաև այն վայրը, ուր նետել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, կատարվել են նմուշառումներ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս