Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Կառավարությունը ցրվել է գազի գնի բարձրացման առիթով բողոքի զանգվածային ելույթների պատճառով։ Ալմաթի քաղաքում եւ այլ բնակավայրերում մտցվել է արտակարգ դրություն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր հայտարարության մեջ կոչ է արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել սադրանքներին:
«Սիրելի հայրենակիցներ, կրկին դիմում եմ ձեզ։ Խոհեմություն ցուցաբերեք և սադրանքների չենթարկվեք ներսից ու դրսից։ Քաղաքացիական և ռազմական գերատեսչությունների ծառայողական տարածքները գրոհելու կոչերը բացարձակապես անօրինական են: Դա հանցագործություն է, որին կարող է հաջորդել պատիժը։ Իշխանությունը չի ընկնի», – ասել է Տոկաևը։
«Դիմում եմ երիտասարդներին. Մի փչացրեք ձեր կյանքը, մի թունավորեք ձեր հարազատների կյանքը, բոլոր օրինական խնդրանքներն ու պահանջները ձեր կողմից ուշադրությամբ հաշվի կառնվեն։ Կընդունվեն համապատասխան որոշումներ։ Վաղը տեղի կունենա աշխատանքային խորհրդակցություն այս բոլոր հարցերի շուրջ»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը։
Հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ կոչ անելով նվազեցնել վառելիքի գները: Հունվարի 1-ից հեղուկացված գազի գինը բարձրացել է մինչև 120 տենգե (0,27 դոլար), ցուցարարները պահանջել են այն նվազեցնել մինչև 50-60 տենգե (0,11-0,13 դոլար): Նախագահը հանձնարարել է կառավարությանը շտապ քննարկել իրավիճակը տարածաշրջանում՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը նաև իրավական դաշտում: Կառավարական հանձնաժողովը ժամանել է Ակտաու և սկսել է աշխատանքը։ Երեքշաբթի ցուցարարների հետ հանդիպումից հետո հանձնաժողովը հայտարարել է, որ Մանղիստաուի մարզում հեղուկ գազի գինը մինչև 50 տենգե է իջեցրել:
Նախագահը նաև հունվարի 5-ին խորհրդակցություն է նշանակել կառավարության, իր վարչակազմի աշխատակիցների և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների հետ՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին: Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում դիմել է ցուցարարներին՝ խնդրելով չհետևել նրանց ապակառուցողական կոչերին, ովքեր շահագրգռված են հասարակության կայունության և միասնության խաթարմամբ: