Ծաղկաձորի ճոպանուղու տոմսի արժեքը 2000 դրամ է: Նախկինում այն 1800 դրամ էր։ Չի բացառվում, որ այն առաջիկայում թանկանա, հաշվի առնելով փետրվարին սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Բայց չնայած սրան, ArmLur.am֊ի տեսախցիկը ֆիքսել է, թե ճոպանուղու մոտ այս օրերին ինչ երկար հերթեր են եւ այսօր ճոպանուղիից օգտվողների գերակշիռ մասն ազգությամբ ռուս զբոսաշրջիկներն են։ Նախորդ տարի, կհիշեք՝ Հայաստանում ձյան սակավ տեղումների պատճառով Ծաղկաձորի հյուրանոցները, ճոպանուղին ֆինանսական վնասներ կրեցին: Ինչպես հայտնի է, Ծաղկաձորն առանց ձյան հետաքրքիր չէ զբոսաշրջիկների համար:
Սրան հաջորդեց արտակարգ դրությունը, որը հայտարարվեց կորոնավիրուսի վարակի պատճառով եւ ծաղկաձորյան ոչ միայն հյուրանոցները, այլեւ՝ ճոպանուղին տեւական ժամանակ փակ մնացին։ Տեղեկացնենք, որ Ծաղկաձորում ճոպանուղու մեկանգամյա տոմսի արժեքն այսօր կազմում է 2000 դրամ, իսկ մեկ օրվա համար նախատեսված տոմսն արժե 12 հազար դրամ, 3 օրվա համար քաղաքացին վճարում է 29 հազար դրամ, 5 օրվա համար՝ 47, իսկ մեկ շաբաթվա համար՝ 60 հազար դրամ: Նշենք, որ ձմռանը Ծաղկաձորում հիմնականում նախընտրում են հանգստանալ լեռնադահուկային սպորտի սիրահարները:
Ս․Հ․