Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում օրվա մեջ երկրորդ անգամ է դիմել ժողովրդին՝ հայտարարելով, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի ելույթի՝ սոցցանցերում տարածված տեսագրությունը:
«Իմ կողմից ձեռնարկված միջոցառումները միտված են բազմազգ Ղազախստանի բարեկեցությանը: Բայց այդ միջոցառումները դեռ բավարար չեն: Աչք է զարնում խուլիգանություն անող տարրերի բարձր կազմակերպվածությունը: Դա խոսում է դավադիրների գործողությունների՝ մանրակրկիտ մտածված ծրագրի մասին, որը ֆինանսական դրդապատճառներ ունի: Այո՛, հենց դավադիրների», – հայտարարել է Ղազախստանի նախագահը:
Տոկաևը նաև հաղորդել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ:
Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ինքը գտնվում է մայրաքաղաքում, և խոստացել է մոտ ժամերին հանդես գալ իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով: Տոկաևն ընդգծել է, որ առաջվա պես մնում է իր այն դիրքորոշմանը, որ պետք է շարունակել հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն: